Դեռ 2 տարի առաջ եմ դեմ արտահայտվել կենսաթոշակային նոր համակարգին. Վարդան Բոստանջյան

վարդան բոստանջյանԴեռևս երկու տարի առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ եղել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ և դեմ է արտահայտվել կենսաթոշակների կուտակային պարտադիր նոր համակարգին անցնելուն :
Այս մասին այսօր Վարդան Բոստանջյանն ասաց լրագրողների հետ հանդիպմանը ասելով.«Ես գտնվել եմ համապատասխան վայրում, ո՞նց են կոչում կայքերը՝ Բաղրամյան 26-ում, և հայտնել, որ դրական կողմնորոշում չունեմ»հաղորդում է tert.am-ը:
Ըստ Վարդան Բոստանջյանի հաշվարկների՝ Հայաստանում աշխատողների աշխատավարձերից հարկումների և Կառավարության՝ հիմնադրամներին ուղղված գումարները նվազագույնը կկազմեն 150 միլիոն դոլար:
«Սա շատ մեծ թիվ է, կարելի է հիշել, որ Քըրք Քրքորյանի (խոսքը վարկի մասին է – խմբ.) առաջին տրանշի ժամանակ հենց այդքան գումար էր ուղղվել, և 150 միլիոն դոլարով ինչքան մեծ գործեր արվեցին հատկապես աղետի գոտու բնակարանաշինության, դպրոցների հետ կապված»,- ասաց պատգամավորը:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ շատ մեծ ռիսկեր է տեսնում հիմնադրամներ կառավարիչների կողմից գումարները տնօրինելու և դուրս հանելու մեջ:
«Այսինքն` այդ գումարները պետք է կառավարվեն, իսկ կառավարում նշանակում է, որ այդ գումարները առնվազն մնան անձեռնմխելի, իսկ լավագույն դեպքում նրանց որոշակի աճ ապահովվի։ Եվ բնականաբար, եթե դրանք ՀՀ տիրույթից դուրս պետք է գտնվեն, նշանակում է մենք զրկվում ենք հնարավորությունից, որ նման փողերը, եթե կլինեն, օգտագործենք մեր իսկ կարիքների ու ծրագրերի համար»,– բացատրեց նա և օրինակ բերեց խորհրդային տարիներին քաղաքացիների կողմից որպես ավանդ բանկերին ի պահ տրված գումարները, որոնք փոշիացան:

tert.am

Tags: ,