Շիրակի նոր դատախազը կրճատումների մասին

Րաֆֆի ԱսլանյանՇիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը պարզաբանում է վերջին օրերին մարզային դատախազությունում կատարված կրճատումները:

Նրա դիտարկմամբ, մամուլը սլախվել է, դատախազների կրճատումն իր հետ կապելով. «Նշվել էր, թե իմ հայեցողությամբ են նշված անձինք ազատել իրենց զբաղեցրած պաշտոնները: Ասեմ, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. նշված անձանցից և ոչ մեկին ես չեմ առաջարկել, ստիպել, որպեսզի կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմում ներկայացնեն: Անձինք իրենց նախաձեռնությամբ են ցանկացել կենսաթոշակի գնալ, ընդ որում, հինգ անձանցից երեքին անձամբ փորձել եմ համոզել, որպեսզի առաջիկա մեկ տարում ձեռնպահ մնան այդ քայլից: Բայց մարդիկ իրենք էլ ինձ են փորձել համոզել, որ ավելի լավ է թոշակի գնան. առկա պայմանները, առկա պահանջներն, ըստ էության, համարել են իրենց տարիքին ոչ համապատասխան»: Հարցին, թե հատկապես ու՞մ և ինչու՞ է խնդրել շարունակել աշխատել, դատախազն անուններ տալ չցանկացավ. «Եթե նշեմ անձանց անուններ, ապա կվիրավորեմ մյուս երկուսին, որոնց գնալը, իմ կարծիքով, որևէ կերպ չի անդրադառնալու դատախազության աշխատանքների վրա: Ամեն դեպքում, կենսաթոշակի գնացողներից երեքը եղել են պրոֆեսիոնալ դատախազներ, և ես կարծում եմ, որ կկարողանային պահպանել իմ կողմից առաջ քաշված աշխատանքային չափանիշները»:
Դատախազը վստահեցնում է՝ խնդիր չի դրվել ազատվել նախկին դատախազի՝ Աղվան Հովսեփյանի կադրերից, այլ առաջնորդվում են մեկ մարտավարությամբ՝ ունենալ որակյալ, կարգապահ, խելացի, անաչառ ու անկաշառ կադրեր: «Թե կադրերը կլինեն այս կամ այն մարդու մտերիմը, դա ոչ մի կերպ չի անդրադառնա նրանց աշխատանքին և մեր փոխհարաբերություններին», – նշում է Րաֆֆի Ասլանյանը:

Tags: , ,