Նոր դատախազը Գյումրու կրիմինալի մասին

Րաֆֆի ԱսլանյանԱյսօր իր առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել Շիրակի մարզի նոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ի թիվս այլ հարցերի, բավական երիտասարդ դատախազը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև մարզ կլանային կրիմինալ վիճակին ու այս պարագայում՝ իր աշխատանքին:

«Կրիմինալի առկայությունը դատախազին երբևէ չպետք է խանգարի: Կրիմինալը ցանկացած տեղ կա՝ Գյումրիում, Երևանում, մյուս մարզերում: Իմ կարծիքով, յուրաքանչյուր բարեխիղճ դատախազ, բարեխիղճ աշխատող, կրիմինալի առկայությունից չպետք է կաշկանդվի. հակառակը, իր գործողություններով պետք է ամեն ինչ անի, որպեսզի կրիմինալը եթե ոչ վերացվի, ապա գոնե նվազեցվի»:
Հարցին, թե սովորաբար, Գյումրիում, մարզում նոր նշանակումներից անմիջապես հետո ՚կրիմինալ՚ հատվածը փորձում է ծանոթանալ, մտերմություն հաստատել, իր հետ հասցրե՞լ են կապվել, Րաֆֆի Ասլանյանը նշեց, թե դեռ նման փորձ չի եղել. «Իմ կարծիքով, իմ մասին հետաքրքրվելով, առնվազն այդպիսի ցանկություն չեն էլ հայտնելու, և ես դրա համար միայն ուրախ եմ: Ես կրիմինալի հետ որևէ ընդհանրություն երբեք իմ կյանքում չեմ ունեցել: Ինքս ունեմ իրավաբանական կրթություն, շատ լավ եմ հասկացել այդ մասնագիտությունն ընտրելով ինչ եմ դառնալու և ում դեմ եմ պայքարելու: Հետևաբար, կրիմինալի հետ առնչություն ես չեմ ունեցել և չեմ էլ կարող ունենալ»:

Tags: , ,