Ինչպես հաղորդում է թուրքական «T24»-ը, Դիարբեքիրում արդեն երկու տարի է, ինչ հայերի համար հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվում: 3 ամիս տևողությամբ դասընթացները արդեն 67 շրջանավարտ է տվել, որոնք ոչ բոլորն են հայեր: «Տարբեր պատճառներով մեր մայրենի լեզուն չենք կարողացել սովորել, սակայն միշտ նման ցանկություն ենք ունեցել: Այս հարցով դիմեցինք Սուրի շրջանի թաղապետին, որն էլ սիրով ընդունեց մեր առաջարկը»,-պատմում է տեղացի հայերից Գաֆուր Թուրքայը, որը դասընթացին մասնակցել է իր երկու երեխաների հետ միասին: «Երեխաներս էլ շատ ոգևորված էին, որ մայրենի լեզուն են սովորում: Ես հայ եմ, սակայն չեմ կարողացել ապրել իմ լեզվի, ավանդույթների, սովորույթների և մշակույթի շնչով: Այս ամենի հանդեպ միշտ կարոտ եմ ունեցել: Երեք սերունդ հետո մեր լեզուն սովորելու հնարավորություն ունեմ, և սա մեծ երջանկություն է»,-նշել է Թուրքայը:
Հայոց լեզվի դասընթացներին մասնակցած մեկ այլ հայ էլ՝ Ֆըրաթը, պատմում է իր տպավորությունների մասին: «100 տարի անց դասեր են սկսվել: Երկու տարի առաջ դասընթացի գնացի: Իհարկե, լեզու սովորելը հեշտ բան չէ, խոսքը գնում է բոլորովին տարբեր մի այբուբենի մասին, ինչը դժվարություն է ներկայացնում: Այդ պատճառով էլ սկզբում դժվարանում էի, սակայն այժմ արդեն հայերենով եմ ստորագրում: Ի վերջո իմ պապերի լեզուն եմ սովորում»,-ասել է Ֆըրաթը:
Tags: թուրքիա
