Չորրորդ նորակառույց ամբուլատորիան` Կոտայքի մարզում

հիվանադանոցի բացումՀանդիսավորությամբ բացված նորակառույց ամբուլատորիան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի շուրջ 2570  բնակիչներին մեծ ուրախություն պատճառեց։ Ժամանակակից չափորոշիչներով կառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոնն անհամեմատելի է 1989 թվականից փայտյա տնակում ընդամենը 50 քմ տարածքով, անմխիթար վիճակում, առանց կենցաղային տարրական պայմանների նախկին կենտրոնի հետ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում կառուցված կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, կահույքով:

Կոտայքի մարզում սա այս տարի  շահագործման հանձնվող նորակառույց չորրորդ ամբուլատորիան է։

«Այս տարի 13 նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել։ Տարվա ընթացքում իրականացված շինարարական աշխատանքներից առաջացած խնայողությունների հաշվին ևս 6 ամբուլատորիա կկառուցենք, որոնցից 3-ը` սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև կվերանորոգենք Մեծամորի պոլիկլինիկայի և Ճամբարակի մասնաշենքերը»,-նորամուտի առթիվ շնորհավորելով սոլակցիներին՝ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Կենտրոնն ընդամենը տասն ամսում կառուցվել է  «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում:  Միաժամանակ ամբուլատորիայի բժիշկը և երկու բուժքույրը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրով հիմնանորոգվել են Կոտայքի մարզի Գառնի, Ալափարս, Գեղաշեն  համայնքների ամբուլատորիաները:

Կոտայքի մարզի  առողջության պահպանման առաջնային կենտրոնները հագեցվել են բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով, ինչպես նաև տրամադրվել  է համակարգչային  սարքավորումների 29 հավաքածու: