Արդեն մի քանի օր է կալանավորվել և “Արթիկ” քրեակատարաողական հիմնարկ է տեղափոխվել բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանը: Հիշեցնենք, որ հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, (իշխանության) ոստիկանության աշխատակիցների հրահանգներին չենթարկվելու համար:
Ըստ, քաղաքում եղած տեղեկությունների, Վահագն Մադոյանը, ով վաստակաշատ գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է, ցանկացել է իր տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել սեփական ավտոտնակում: Սակայն մի մեքենայից երկու հոգի են իջել, քաղաքացիական հագուստով, կանգնեցրել բժշկին ու ասել, որ խախտում է թույլ տվել: Վ.Մադոյանը նրանց հակադրվել է, թե ոչ մի խախտում չկա: Հետո պարզվել է, որ նրանք ոստիկանության աշխատողներ են եղել: Բանավիճել են, հետո, ասում են, թե թեթև քաշքշոց է եղել, որից հետո քաղաքացիական հագուստներով ոստիկանները բժշկի ձեռքերը ոլորել են, նրան սեղմել մեքենային ու տեղյակ պահել ոստիկանությանը: Վահագն Մադոյանին տարել են ոստիկանություն, նրանից ստորագրություն վերցրել քաղաքից չբացակայելու համար, հարուցվել է քրեական գործ: Համաձայն վերը նշված հոդվածի, դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին,երեկոյան 22-ի սահմաններում:
Հենց սա է, որ առաջացրել է դժգոհության ալիք, քանի որ նույն գործի համար հնարավոր էր կիրառել նաև ստորագրությամբ չհեռանալն ու տուգանք սահմանել:
Վահագն Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանը նշում է, թե իր պաշտպանյալի հարազատներն այլևս չեն ուզում, որ մամուլով մեկնաբանություններ տրվեն այս մասով: archive2.ankakh.com-ին փաստաբանը փոխանցեց, որ այսօր` նոյեմբերի 20-ին նշանակված էր լսում` գրավի դիմաց ազատ արձակելու համար, սակայն դատական նիստն հետաձգվել է նոյեմբերի 25-ին:
Հավելենք, որ Երևանում գործող Բժշկական արհմիությունների կենտրոնը վաղը հանդես է գալու մամուլի ասուլիսով` ի պաշտպանություն գյումրեցի գինեկոլոգ Վահագն Մադոյանի:
Tags: բժիշկ, գյումրի