Հնդկաստանի ղեկավարների խորհուրդը կապիկների ավազակությունների դեմ պայքարելու համար որոշել է նրանց հակաբեղմնավորիչ հաբեր տալ:
Այժմ Նյու Դելին ողողված է հազարավոր ռեզուս մակականերով, որոնց թիվը անընդհատ աճում է:
Կապիկները հաճախ հարձակվում են մարդկանց վրա ուտելիք գողանալու նապատակով, ծամում են համացանցի լարերը և ազատ շրջում կառավարության շենքերի մեջ:
2007թ-ին Դելիի փոխքաղաքապետ Բաջվան, փորձելով կապիկին հեռացնել, ցած էր ընկել առաջին հարկի պատշգամբից և մահացել:
Նախկինում քաղաքում աշխատում էին հատուկ կապիկ որսացողներ, որոնք սևադեմ լանգուր կապիկների միջոցով վախեցնում էին ավելի փոքր չափեր ունեցող կապիկներին:
Սակայն վերոնշյալ միջոցը այս տարվա սկզբին արգելվել էր, և պաշտոնյաները ստիպված նոր լուծում են գտնել:
Պաշտոնյաները հայտնում են, որ Հնդկաստանի Կենտրոնական կենդանաբանական այգու պատասխանատուները կապ են հաստատել Կալիֆորնիայի Պրիմատների ազգային կենտրոնի հետ, որտեղից նրանց խորհուրդ են տվել կապիկների դեմ օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր, ինչպես նաև էգերի ստերիլիզացիա կատարել:
Հակաբեղմնավորիչ հաբերը կդրվեն կերի մեջ, իսկ այն կապիկներին, որոնց հնարավոր կլինի բռնել, կստերիլիզացնեն:
Հնդկաստանի Կենդանական աշխարհի ինստիտուտի պրոֆեսոր Տյագին հայտնել է, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի միայն այն դեպքում, երբ իրենք համոզված լինեն, որ այն որևէ վնասակար ազդեցություն չի ունենա կենդանիների կամ նրանց վարքի վրա:
Tags: կապիկներ, Հնդկաստան
