Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետարան,Երևան, Էլ-ՔուվեյթԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  Էլ-Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն. «Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլև բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը, համոզված եմ, որ մենք ևս երկու մայրաքաղաքների միջև կհաստատենք  երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելուն և ամրապնդելուն: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը»,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:

Հյուրին ներկայացնելով  Երևան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները, քաղաքապետը կարևորել է նաև գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում պարոն նահանգապետ՝ Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:   

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Tags: , ,