ՀՀ ՊՆ N զորամասի կաթսայատան օժանդակ շինությունից կատարվել է շուրջ 2,5 մլն դրամի հափշտակություն՝ զորամասի ղեկավարության թողտվության պայմաններում։ Ըստ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Հայկազ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի` նա իր թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ Լեոնիդ Պոստոլի հետ միասին 2012թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ: Մասնավորապես, հրամանատարը, ըստ մեղադրանքի, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել զորամասի տարածքում գտնվող նախկին կաթսայատան հարակից պահեստային շինության պահպանության համար, ինչի հետևանքով անհայտ անձանց կողմից ապամոնտաժվել ու գաղտնի հափշտակվել են կաթսայատան օժանդակ շինության մետաղական դարպասը, երկաթբետոնե սալերով ծածկն ու այն պահող մետաղական կոնստրուկցիաները: Իսկ 2012թ. հունիս ամսին տեղեկացված լինելով նախկին կաթսայատան հարակից պահեստային շինության մետաղական դարպասի բացակայության մասին, նորից անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ որևէ միջոց չի ձեռնարկել կատարվածը պարզելու ուղղությամբ և այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդում չի տվել: Բացի այդ, Հայկազ Աբրահամյանը, տեղեկանալով, որ իրեն վստահված զորամասի կաթսայատան պետ, պայմանագրային զինծառայող, շարքային Լավրենտ Ավետիսյանը 14.02.2013թ.` ժամը 01:00-ի սահմաններում, զորամասի մարզադահլիճից գաղտնի հափշտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ռաֆիկ Մանուկյանին, Սևակ Ադամյանին, Մաքսիմ Մանուկյանին, Տիգրան Անտոնյանին, Շամիր Աթյանին պատկանող սպորտային հանդերձանքի պարագաները և դրանք հետագայում վաճառելու նպատակով զորամասի տարածքից աննկատ դուրս բերելու համար թաքցրել զորամասի էլեկտրիկի սենյակում, խախտել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջներն ու զորամասում պատշաճ ծառայության կազմակերպման պատրանք ստեղծելու անձնական շահագրգռվածությունից դրդված` նշված դեպքի մասին չի հայտնել իրավապահ մարմիններին: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` ՀՀ քաղաքացիներ Հայկազ Աբրահամյանին և Լեոնիդ Պոստոլին համապատասխանաբար մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, և 376-րդ հոդվածի առաջին մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Գործն ընդունվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ:
