ԼՂՀ -ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը

պբԱյսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմ, գնդապետ Մխիթար Ավշարյանի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա գարնանային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին նաև հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետ, գնդապետ Գրիգորի Գասպարյանի զեկույցը: Բավարար գնահատելով գարնանային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:

Օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան նաև հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը և Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը:

Զեկույվներից ու ելույթներից հետո ներկաների համար ցուցադրվել է “Երիտասարդ համալրման գործընթացի կազմակերպումը պաշտպանության բանակում” վերտառությամբ տեսաֆիլմը: Այնուհետև ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի “2013թ. գարնանային զորակոչի արդյունքների մասին” հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:

Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Tags: , ,