ԱՄՆ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը

ՀՀ-նատօՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը նոյեմբերի 18-22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների համար: Միացյալ Նահանգները կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այդ գործակցությանը: ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկեց ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը, որն ուղղված է զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը:

Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում: Հայաստանն ակտիվորեն ձգտում է ավելացնել  խաղաղապահ իր առաքելությունները թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի ուժերի կազմում և բանակցություններ են ընթանում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղարար գործողությունների և պատրաստ ենք աջակցել այդ հարցում:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը համատեղ ուսուցումների ու վարժանքների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կողք կողքի ծառայելու հարցում արժեքավոր փորձ ձեռք բերելու նոր հնարավորություններ է ստեղծել: ԱՄՆ կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին և շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ և ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերին: Հայ խաղաղապահները պատվով ու գերազանց են կատարում իրենց տարաբնույթ հանձնարարությունները:

Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների: Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում և ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին այդ գերազանց առաջընթացի համար:

Tags: