Տաջիկ կանայք միավորվել են, որ իրենց ամուսիններին ու մյուս հարազատներին Ռուսաստանից հայրենիք վերադարձնեն: Կանայք համապատասխան խնդրանքով դիմել են հանրապետության միգրացիոն ծառայություն:
“Մենք ցանկանում ենք, որ նրանց Ռուսաստանից դուրս հանեն: Մայրս հաճախ լաց է լինում, կասկածներ ունի` կենդանի է արդյոք եղբայրս, թե ոչ”,-պատմել է մի կին եղբոր մասին: Նա ասել է, որ տղամարդը 8 տարի առաջ է մեկնել Ռուսաստան` աշխատանքի ետևից: Այդ ամբողջ ընթացքում նա ընդամենը մեկ անգամ, 4 տարի առաջ է հարազատների հետ կապվել ու 50 դոլար ուղարկել: Նման իրավիճակում հայտնված կանայք դիմել են Տաջիկստանի իշխանություններին ՌԴ-ից իրենց հարազատներին արտաքսելու խնդրանքով:
Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ տեղյակ են խնդրից, սակայն միայն կարող են նրանց հարազատներին խնդրել վերադառնալ տուն, այն էլ` եթե հասցեն գիտեն: Տղամարդկանց գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շատերը նոր տեղում նոր ընտանիքներ են կազմում: Մի կին պատմել է, որ ամուսնու ճակատագրի մասին նրա քրոջից է տեղեկացել.տղամարդը Ռուսաստանում ամուսնացել է երկրորդ անգամ: Իսկ Տաջիկստանում մնացած երեխաներին ու կնոջը չի էլ օգնում.”Թող նրան արտաքսեն, գուցե այն ժամանակ վերադառնա իր երեխաների մոտ”,-ասում է կինը:
Դրությունը բարդանում է այն պատճառով, որ Տաջիկստանում ամուսնությունների մեծ մասը պաշտոնապես գրանցված չէ: Նրանք գերադասում են կրոնական պսակադրությունը, Ամուսնալուծությունն էլ ոչ մի ձևով չի արձանագրվում: Կինը միայն կարող է հույսը դնել համատեղ ձեռքբերված գույքի, իսկ երեխաները` ալիմենտի վրա:
Ըստ պաշտոնական տվյալների, Տաջիկստանում բաժանությունները հիմնականում տեղի են ունենում աշխատանքային միգրացիայի պատճառով. վերջին 10 ամիսների ընթացքում արտասահման է մեկնել 870 հազար քաղաքացի, նրանցից 730 հազարը` տղամարդիկ են:
Tags: միգրանտ