Այսօր սփյուռքահայ Էդմոն Խուդյանը լրագրողներին տեսակապի միջոցով խնդրեց տեղ հասցնել իր մեսիջը կամ, այլ
կերպ ասած, վերջին զգուշացումը ՀՀ կառավարությանն ու դատաիրավական համակարգին: Նախ նշենք, որ
Էդմոն Խուդյանը 2004-ից սկսած Հայաստանում ներդրումներ է կատարել, իսկ 2010-ին, պարզելով, որ իր
ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավական համակարգին՝
ընկերությունից միլլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Աայսօր ներդրողն արդեն սպառել է
ակնկալիքները՝ Հայաստանի ներսում իր խնդիրը լուծելու:
Լրագրողներին ուղղված իր մեսիջում նա մասնավորապես նշեց. ՛՛Ընկերությունում կատարվող հանցագործության մասին
բազմաթիվ դիմումներ ու տեղեկանքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Սփյուռքի և
Արդարադատության նախարարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Ազգային
անվտանգության ծառայություն, ՀՀ Ոստիկանություն, քրեական գործը քննող Պետական եկամուտների կոմիտե,
սակայն միջոցներ չեն ձեռնարկվում, ինչը փաստում է այն մասին, որ կազմակերպված թալանն իրականացնող
հանցագործները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Արդյունքում ընկերությունն ամբողջությամբ
թալանվել է, ես և այլ հայ ներդրողներ, հիմնականում սփյուռքից, մեծ կորուստներ ենք կրում: Այս ամենը կատարվել
է 2010-2012թ-ին, դատախազության գիտությամբ և նրանց թողտվությամբ: 2013թ-ին, ընկերությունն
ամբողջությամբ թալանելուց հետո, դատախազությունը կալանավորում է հանցավոր խմբի անդամներից մեկին:
Կարծես թե սառույցը սկսել էր կոտրվել, կամ դատախազությունը, հասկանալով կատարված սխալը, սկսել էր միջոցներ
ձեռնարկել: Սակայն այդ թալանից տուժած քաղաքացիներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի մասով առանձնացված
քրեական գործով մեզ հայտնի է դառնում, որ դատախազության կողմից հովանավորչությունն առավել ակնհայտ ձևով է
իրականացվում, ինչի կապակցությամբ և՛ ես, և՛ տուժած քաղաքացին դիմում ենք ներկայացրել դատախազություն`
պահանջելով արդար քննություն: Սակայն այդ դիմումներն, ինչպես 2010-2012թ-ին, նորից մատնվել են
անգործության: Սա խոսում է այն մասին, որ դատախազությունը հետագայում էլ միևնույն կերպ կվարվի նաև
հանցագործությունից մյուս տուժածների, այդ թվում` իմ հարցով Պետական եկամուտների կոմիտեում քննվող գործով:
Դա անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ Հայաստանի դատախազական համակարգում տեղի ունեցող
փոփոխությունները, եթե իրականում կա այդպիսի գործընթաց, ապա` իմ հետ կապված այս երկու քրեական գործերի
կողքով են անցնում, որովհետև գործ ունենք բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչության ներքո գործող հանցավոր
խմբի հետ: ՀՀ դատախազությունը անում է ամեն ինչ գործը ձգձգելու և անուշադրության մատնելու ուղղությամբ:
ՀՀ դատա-իրավական համակարգն իմ գործերով պարբերաբար ապացուցում է հովանավորչության բեռից ազատվելու
հարցում իր անկարողությունը կամ ուղղակի նման ցանկության բացակայությունը, ուստի, տուժած քաղաքացիների
արդարացի հատուցում տեսնում եմ միայն միջազգային ատյանների կողմից կայացվելիք որոշումներում: Ստեղծված
իրավիճակում ստիպված եմ հարցի լուծումը տեղափոխել միջազգային ատյան և մոտ ժամանակներս հայց կներկայացնեմ
ԱՄՆ-ում գործող ներդրումների միջազգային կենտրոն (International Centre for Settlement of
Investment Disputes – ICSID): Այս հարկադրված քայլը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ` հանուն
Հայաստանի, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր վերականգնել արդարությունը՛՛, – նշեց Էդմոնդ Խուդյանը:
–
Լարա Առաքելյան
