archive2.ankakh.com-ն անդրադարձել է Գյումրիում երեք բուհերի միավորման և նոր բուհական հաստատության ստեղծման խնդրին: Երևանի պետական գեղարվետի ակադեմիայի, կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերի միավորման հարցի շուրջ բողոքի ակացիաներով հանդես եկան ինչպես ուսանողներն ու նրանց ծնողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Արդյունքը եղավ այն, որ կրթության և գիտության նախարարն անձամբ սոցիալական ցանցերում հայտարարություն տարածեց՝ կժամանի Գյումրի` հարցը տեղում քննարկելու և առաջարկությունները լսելու:
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացածի համաձայն Գյումրիում էր ու հանդիպեց այս երեք բուհերի դասախոսների ու ուսանողների հետ:
«Գաղտնիք չէ` ինձ այսօր ինչն է բերել այստեղ. մեր առաջարկությունը՝ Գյումրիում գործող երևանյան երեք բուհերի մասնաճյուղերի հենքի վրա ստեղծել Գյումրու սեփական պետական արվեստների ակադեմիա: Գաղափար, որն ունի կողմնակիցներ և, բնականաբար, հակառակորդներ: Ես չեմ եկել ձեզ ինչ-որ բան համոզելու, առավել ևս պարտադրելու, եկել եմ ավելի շատ ձեզ լսելու: Գիտեք, որ ծրագիրը չի վերաբերում միայն արվեստի բուհերին, ունենք նաև գաղափար ապագայում ստեղծել Գյումրու պետական համալսարան:
Ի դեպ, ամենահետաքրքիրն ու հաճելին այն է, որ երբ հեռավոր 2009թ. ես նշանակվեցի նախարար, նման տեսակի խոսակցություններ, առաջարկություններ, ինձ անում էին հենց գյումրեցիները: Որ Գյումրին արվեստների մայրաքաղաք է, ինչու մենք չունենք արվեստի սեփական բուհ, Գյումրիում է ստեղծվել Երևանի համալսարանը, հետո տարել եք Երևան, ինչու մեզ մոտ, հանարապետության երկրորդ քաղաքում, պետական համալսարան չեք բացում: Հիմա, երբ ես այդ առաջարկություններին հավաքական ձև և ընթացք եմ տվել, եկել ենք ձեզ մոտ քննարկելու՝ արդյո՞ք ձեր ցանկությունն ուժի մեջ է, թե ոչ:
Ես հասկանում եմ բոլոր տեսակի մտահոգությունները. միավորելով երեք մասնաճյուղերը մեկ առանձին արվեստի ակադեմիայի հարկի ներքո, վտանգ կա, որ երեք մասնաճյուղերն էլ կկորցնեն իրենց օրգանական, տարիներով մշակած հարաբերությունները երևանյան արվեստի մայր բուհերի հետ: Այս մտահոգությունը ես ընդունում եմ: Երկրորդ մտահագությունը կոլեկտիվների ներսում ունեցած խնդիրն է, թե ինչ վարչական կառուցվածք է ունենալու, ով է աշխատելու, ով ոչ, կրճատումներ լինելու՞ են և այլն, շատ բնական մտահոգություն: Երրորդ մտահոգությունն ուսանողներինն է. եթե բուհը ստեղծվի, ինչպիսի դիպլոմ է տալու այդ բուհը, դիպլոմի ճանաչման հետ կապված ուսանողները խնդիրներ կունենան, թե չէ:
Այն, ինչ մենք ուզում ենք անել, իրականում թանկ հաճույք է, որպեսզի այս միավորումը կայանա, աճի, զարգանա, նվազագույնը, հարցի լուծման ամենամեկնարկային գինը շուրջ 100 մլն դրամ է: Ես նայել եմ այս բուհերի ֆինանսական կողմն էլ ու տեսել, որ հիմնականում ֆինանսական դոտացիաներ կան երևանյան բուհերից: Այսինքն, եթե մենք ստեղծում ենք առանձին բուհ, ակնհայտ է, որ մայր բուհերն էլ փող չեն տալու, դա պետք է տա պետությունը: Հավելյալ գումար պետք է ծախսի, ինչին մենք պատրաստ ենք գնալու, եթե ձեզ հետ միասին գալիս ենք այն եզրակացության, որ Գյումրու հեռանկարի համար այս պրոեկտը ճիշտ է»:
Գյումրեցի ուսանողները նախարարին դիմավորեցին պաստառներով, որոնք արտահայտում էին իրենց տեսակետը, ինչը նախարարը շատ խուսուն համարեց:
«Մի կատակ եմ ուզում անել. ինձ հիշեցրեցիք դրվագ հայտնի ֆիլմից՝«Կովկասի գերուհին», որտեղ գլխավոր հերոսներից մեկն ասում է. էսքանից հետո կամ ես իրեն տանում եմ զագս, կամ ինքն ինձ տանում է դատախազի մոտ: Հիմա մոտավորապես նման իրավիճակ է մեզ մոտ: Ես ուզում եմ մենք գնանք զագս»: Հավաքվածները նախարարին պատասխանեցին իր հումորի մեջ. «Կա դրա «Խաթաբալայի» տարբերակը, երբ Կեկելին զոռով նշանում են»:
«Շատ լավ օրինակ բերեցիք, ես ձեզ խոստանում եմ, մինչև չսիրեք չեմ ամուսնացնի», – հակադարձեց նախարարը:
Ապա Արմեն Աշոտյանը լսեց երեք բուհերի կարծիքներն էլ, որոնցից միայն մեկն է կողմ միավորմանը, և խոստացավ քննարման արդյունքների ու առաջարկների մասին զեկուցել վարչապետին:
Մարիամ Խալաթյան
Tags: Արմեն Աշոտյան