Հայ կինն ամեն ինչի է ընդունակ. Մերի Թադեւոսյան

images“Ծխախոտն օրգանիզմի վրա կարող է լուրջ ազդեցություն թողնել: Վերջին տարիներին կանաց շրջանում ծխողների թիվը բավական շատ աճել է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության եւ հղիության ընթացքի վրա թեմայի շուրջ նշեց Մոր եւ մանկան գիտահետազոտական կենտրոնի ավագի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Մերի Թադեւոսյանը:

Նրա խոսքով այս ամենին զուգահեռ աճում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք վնասում են կնոջ, կամ հղի կնոջ առողջությանը: Չլինելով ծխող՝ հղի կինը կամա թե ակամա գտնվում է այնպիսի շրջապատում, որտեղ ծխախոտի ծուխը կա եւ ստանձնում է պասիվ չծխողի դերը, որը շատ մեծ վնաս է իր ապագա երեխայի առողջությանը.

“Չբերությունը կանխարգելելու համար, ամուսնական զույգերն առանձին անհատական դասընթացներ են անցնում չծխելու վերաբերյալ, քանի որ անգամ մեկ գրամ ծխախոտի ծուխը ահռելի վտագ է ներկայացնում”:

Բանախոսի համոզմամբ ծխախոտի օգտագործումը բերում է վիժումների եւ արատների զարգացման: Հայ կինն ամեն ինչի է ընդունակ: Նա հանուն իր երեխայի պատրաստ է գնալ զիջումների, անգամ ծխախոտից հրաժարվելուն: Կինը կթողնի ծխելը.

“Հոգեբանական մեծ սթրես է իրականում սովորույթից հրաժարվելը, բայց հանուն երեխայի առողջության՝ անհրաժեշտ է: Մեծ դժվարություն է դա, բայց խորհուրդների եւ ապացույցների օգնությամբ կարելի է կնոջը տրամադրել հրաժարվել այդ չարիքից”:

Տիկին Թադեւոսյանի պնդմամբ անգամ եթե կինը հղիության ընթացքում ծխում է եւ երեխան առողջ է ծնվում, դա չի նշանակում, որ մանկապարտեզում, դպրոցում, կամ առօրյա կյանքում երեխան իրեն նորմալ կպահի, այսինքն հնարավոր է, որ նա անընդհատ թույլ լինի, լավ չքնի, նորմալ չսնվի, չշփվի մարդկանց հետ եւ այլ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Tags: