Եղի′ր իրազեկ ու մի′ վախեցիր ՄԻԱՎ-ից

DSC_0320Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։

«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։ «Հուսով ենք, որ ծրագրի արդյունքով կունենանք ավելի իրազեկ, հետևաբար՝ պաշտպանված ու առողջ երիտասարդներ։ Ծրագիրը կնպաստի, որպեսզի երիտասարդները հետազոտվեն, և ունենանք իրենց կարգավիճակն իմացող երիտասարդներ։ Իսկ դա շատ կարևոր է, քանի որ իմանալով ՄԻԱՎ կարգավիճակը՝ կարելի է ժամանակին դիմել բժշկի, ստանալ դեղահաբեր և առօրյան կազմակերպել այնպես, որ ապրես երկար տարիների լիարժեք կյանքով։ Միևնույն ժամանակ, իմանալով քո կարգավիճակը՝ չես փոխանցի ՄԻԱՎ վարակը հարազատներիդ, ինչու չէ, նաև քո ապագա զավակին»,- ասում է Նարինե Մեժլումյանը՝ նշելով, որ ՄԻԱՎ հետազոտությունը Հայաստանում անվճար է, այն իրականացվում է շատ հեշտ ու անանուն։

Ծրագրի համակարգողը նաև ընդգծում է, որ երիտասարդությունն այսօր լայնորեն ներգրավված է զբոսաշրջության մեջ, արտագնա աշխատանքներում, տարբեր միջազգային փոխանակման ծրագրերում, ինչը նրանց ՄԻԱՎ-ի նկատմամբ դարձնում է խոցելի։

Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արթուր Միքայելյանն Արթիկից է և դեռևս դպրոցական տարիներից տեղեկացված է ՄԻԱՎ վարակի մասին, գիտի փոխանցման ճանապարհները, կանխարգելման ուղիները։ Համարում է, որ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և ՄԻԱՎ-ով կարելի է լիարժեք ապրել։

Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի դեպքերը կարծես թե նվազում են, սակայն  ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ դեռևս նվազման միտում չի նկատվում Ուկրաինայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որոնց հետ Հայաստանի բնակչությունն առավել շատ շփումներ ունի։

Աշխարհում, ըստ հաշվարկային տվյալների, կա 34 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որից 3,3 միլիոնը մինչև 15 տարեկան երեխաներ են։ 2011թ. տվյալներով՝ նոր ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասնում է 2,5 միլիոնի։

Նշենք, որ «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում։

Նման քննարկումներ ու միջոցառումներ մինչև նոյեմբերի 29-ը տեղի կունենան ևս 4 բուհերում։ Տեղեկատվական ակցիաներ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Tags: