Ռուսական մամուլը լայնորեն անդրադարձել է երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը: Մասնավորապես ռուսական «Կոմերսանտ» թերթի հոդվածագիրներից Անդրեյ Կոլեսնիկովը հեղինակել է «Կատակի մակարդակի բարձր խոսակցություններ» վերնագրով վերլուծական մի հոդված: Կոլեսնիկովը, մեկնաբանելով Էրդողանի հայտնած ցանկությունը անդամագրվելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը, գրում է. «Երևում է, որ Սիրիան Շանհային ավելի մոտ է, քան Թուրքիան»:
Ռուս լրագրողը, հիշատակելով Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են ազատ առևտրի պայմանագիր ստորագրել եվրասիական երկրների հետ, այսպիսի մի հեգնական մեկնաբանություն է անում. «Մի պահ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Թայիփ Էրդողանի համար կարևոր չէ, թե ուր կընդգրկվի, բավական է, որ որևէ տեղ ընդունվի»:
