Անազատ երկրի` Ադրբեջանի նախագահը դարձել է “մամուլի ընկեր”

1 (1)Ադրբեջանում Լրագրողների պաշտպանության “RUH” հանձնաժողովը նոյեմբերի 24-ին երկրի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել է “Լրագրողների ընկեր” մրցանակ: 93 ԶԼՄ-ների շրջանում իրականացված հարցման արդյունքում 89%-ը նախագահին իր ընկերն է անվանել`հաշվի առնելով նրա`լրագրողներին մատուցած ֆինանսական և նյութական աջակցությունը: Ալիևը առաջին անգամ այս կոչմանը արժանացել է 2010թ.-ին:

2007թ.-ին`Իլհամ Ալիևի ղեկավարման օրոք, ստեղծվել է ԶԼՄ-ների պետական աջակցության հիմնադրամ, որը տրամադրում է դրամաշնորհներ տպագիր մամուլին:

Ադրբեջանական “Կոնտակտ” կայքը նշում է, որ այս մրցանակը տրվել է մի մարդու, ում իշխանության օրոք լրագրողներին սպանել են, ֆիզիկական և հոգեբանական ճնշման ենթարկել, վերացրել են մամուլի տնտեսական ազատությունը, վերահսկողության տակ են վերցրել հեռուստատեսությունը: Համաձայն մեդիայի իրավունքների ինստիտուտի`2012թ.-ին լրագրողներն  ամենաքիչը 60 անգամ ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ճնշման, սպառնալիքների, անօրինական կալանքի, տեխնիկական խոչընդոտների, 10 լրագրող ձերբակալվել է, զրպարտության համար 35 դատական հայց է ներկայացվել:

Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների`Իլհամ Ալիևի նախագահության ժամանակ Ադրբեջանը խոսքի ազատության ոլորտում զգալիորեն հետընթաց է ապրել. Ադրբեջանը ներառվել է անազատ երկրների ցանկում, Ալիևը բազմիցս ճանաչվել է “մամուլի գիշատիչ:”

Tags: