Հոնդուրասում նախագահական ընտրությունների գլխավոր 2 թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին: Ձայների 42%-ի հաշվարկից հետո, դատելով թվերից, առաջատար է Ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օռլանդո Էռնանդեսը.նա հավաքել է ձայների 34,15%-ը: Իր հաղթանակի մասին նա հայտնել է թվիթերում:
Երկրորդ տեղում է “Ազատություն և վերածնունդ կուսակցությունից Քսիոմարա Կաստրոն` 28,45%-ով: Նա իր հաղթանակի վերաբերյալ հետևություն է արել էքզիտ-պոլի արդյունքների հիման վրա: Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո կուսակցությունն ու ինքը` Կաստրոն, թվիթերում գրել են, որ չեն ճանաչում դրանք ու կբողոքարկեն դատարանի միջոցով:
Հոնդուրասում նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ոչ միայն նախագահական, այլև խորհրդարանական ու քաղաքապետների ընտրություններ: Իշխանությունները ընտրություններին մասնակցել ցանկացողների մեծ հոսքի պատճառով ստիպված էին քվեարկությանը հատկացված ժամանակը երկարաձգել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ վերջնական արդյունքները պարզ կլինեն նոյեմբերի 25-ի առավոտից ոչ շուտ (մեր ժամանակով` երեկոյան):
Tags: Հոնդուրաս