Ավստրալիացի ընտանիքը, Սուրբ ծննդի համար իրենց տան շուրջը ավելի քան կես միլիոն լույսեր տեղադրելով, երկրորդ անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել:
Երեք երեխաների հայր, ծագումով Կանբերայից Դեյվիդ Ռիչարդսը առաջին անգամ ռեկորդը սահմանել էր 2011թ-ին՝ տեղադրելով 331,038 լույսեր, սակայն նրա ռեկորդը անցել էր նյույորքաբնակ մի ընտանիք՝ 346,283 լույսեր տեղադրելով:
Այժմ նա արվարձանում գտնվող իրենց տան շուրջը տեղադրել է 49 կմ երկարություն ունեցող լարի վրա ամրացված 502,162 լույսեր, ինչպես նաև փայլող եղջերու և բարձր երաժշտություն միացրել, ինչը նյարդայնացրել է մի քանի հարևանների:
Գինեսի աշխարհի ռեկորդների խորհուրդը այսօր հաստատել է, որ ընտանիքի կազմակերպած բարեգործական միջոցառումը զարդարված է երբևէ բնակելի տան վրա տեղադրված ամենաշատ Սուրբ ծննդյան լույսերով:
Մեկ ամսվա ընթացքում լույսերի օգտագործումը ընտանիքի համար կարժենա 1,400 ֆունտ, սակայն տեղի էլեկտրաէներգիայի ընկերությունը նրանց նվիրաբերել է այդ գումարը:
Այս միջոցառումը բաց է հանրության համար և արդեն հարյուրավոր մարդիկ են այցելել այդտեղ: Նախաձեռնության նպատակն է գումար հավաքել երեխաների բարեգործական ֆոնդերի համար:
2011թ-ին այստեղ շուրջ 70,000 մարդ էր այցելել, որի արդյունքում հավաքվել էր 44,000 ֆունտ: Այս տարի Ռիչարդսը ցանկանում է 56,000 ֆունտ հավաքել:
Լույսերը կախելու համար Ռիչարդսից մեկ ամիս է պահանջվել: Ամեն դեպքում լույսերի քանակը պարզելու համար նրանք օգտագործել են առաքման գրառումները և հաշիվ ապրանքագրերը:

