Երկուշաբթի առավոտյան ՄԱԿ-ը հայտարարել է, որ ամիսներ շարունակ հետաձգվելուց հետո Սիրիայի քաղաքացիական պատերազմը ավարտելու նպատակով կազմակերպվող Ժնև II կոնֆերանսը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքում հունվարի 22-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունը նշել է, որ առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը մարտադաշտի փոխարեն կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ:
Նա նաև կոչ է արել երկու կողմերին դադարեցնել բռնությունները և ազատել գերիներին՝ այդ կերպ պատրաստվելով բանակցություններին, սակայն նա չի նշել, թե ինչ կողմեր պետք է մասնակցեն բանակցություններին:
Կոնֆերանսին կմասնակցեն Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք կբանակցեն 2011թ-ին սկսված և Սիրիան կործանած պատերազմը ավարտին հասցնելու շուրջ: Ամեն դեպքում Սիրիայի ընդդիմությունը մեկ ընդհանրական խումբ չէ, այլ բաղկացած է բազմաթիվ խմբավորումներից, որոնք հաճախ պայքարում են միմյանց դեմ:
Սիրիայի ընդդիմության որոշ ճյուղեր նշել են, որ իրենք առանց նախապայմանների չեն մասնակցի կոնֆերանսին:
Ժնև II-ը 2012թ-ի հունիսին տեղի ունեցած Ժնև I–ի շարունակությունն է, որի ժամանակ միջազգային կողմերը Սիրիայում խաղաղություն հաստատելու նախագիծ էին մշակել, որը կոչ էր անում անցումային կառավարման մարմին ստեղծել: Սակայն այստեղ բաց էր մնում այն կետը, թե արդյոք Բաշար Ասադը պետք է լքի իշխանությունը, թե ոչ:
Tags: խաղաղության կոնֆերանս, ՄԱԿ, Սիրիա
