Ինչպես հայտնում է Ադրբեջանի Պետական հանձնաժողովի կայքը` Ադրբեջանի փոխվարչապետ և Պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը այսօր հանդիպել է Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների`Մարկ Հարևարդի, վերջինիս տեղակալ Ռաշիդ Մուստաֆայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի ՁԻԱՀ-ի միջազգային մասնագետ Նինու Ֆերենկիչի հետ: Հասանովը հյուրերին տեղեկացրել է երկրում թմրամոլության իրավիճակի մասին և նշել, թե Պետական հանձնաժողովը ինչպիսի միջոցառումներ է իրականացնում դրա դեմ պայքարի համար:
Այնուհետև փոխվարչապետը չի մոռացել նաև հայերին` ընդգծելով, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հաղորդմամբ՝ «հայերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում» հայ զիվորականները անօրինական աճեցնում են թմրանյութ և անօրինական ճանապարհով տեղափոխում այլ երկրներ: Հասանովի խոսքերով՝ Հայաստանը բազմաթիվ պատճառներ բերելով ՄԱԿ-ի փորձագետներին թույլ չի տալիս այցելել «օկուպացված տարածքներ», իսկ համապատասխան կառույցներն էլ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում: Հասանովը նաև նշել է, որ Լոնդոնում հրատարակվող «The Lancet» բժշկական ամսագիր տվյալներով՝ Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 300 հազարի, սակայն այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը և հավելեց, որ թմրամոլների հստակ քանակը ճշտելու համար մեկ անգամ չէ որ դիմել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին:
Tags: ադրբեջան, թմրանյութեր, հայ զինվորներ
