Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մինչև 2014թ.-ի հունվարի 29-ը հետաձգել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) վարկի հատկացումը Թուրքիայում “Star” գործարանի և տերմինալի կառուցման համար, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Վարկի հատկացումը հետաձգվում է արդեն 3-րդ անգամ: Որպես պաշտոնական հիմնավորում նշվում է նախագծի վերջնական արժեքի բացակայությունը, ինչպես նաև դրա բարձրացումը՝ նախնական 5,1մլրդ դոլարից մինչև 5,3 մլրդ դոլար:
Նախագծում SOCAR-ին պատկանում է 41,5% բաժնեմասը, Ադրբեջանի պետական նավթային հիմանդրամին՝ 40%-ը, թուրքական “TURCAS Petrol A.S”-ին՝ 18,5%-ը: SOCAR-ը մտադիր է գործարանում արտադրել Euro-5 չափանիշներին համապատասխան վառելիք:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական բանկերի հետ SOCAR-ի բանակցությունները ևս մտել են փակուղի:
2012թ. մարտին SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը թուրքական ավելի քան 15 բանկերի ղեկավարների հրավիրել էր Բաքու`նախագծի հետ ծանոթացնելու համար: Բանակցությունների արդյունքում Աբդուլաևին հաջողվել էր ստանալ SOCAR-ի նախագծի ֆինանսավորման համաձայնությունը, սակայն այնուհետ բանկերի ղեկավարները վերանայել են իրենց որոշումը:
Tags: ադրբեջան, թուրքիա
