«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) խոստացել էր այսօր կայանալիք դատական նիստին ուշագրավ բացահայտումներ անել ՀՀ արդարադատության համակարգում առկա ապօրինությունների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Արթուր Այվազյանի գործով դատական նիստը, որի ժամանակ, սակայն բացահայտումներ չհնչեցին, քանի որ նիստը շատ կարճ տևեց: Մանախը բացարկ է հայտնել դատավոր Աշոտ Մանուկյանին: Նա արդեն բավական ժամանակ է՝ բարձրաձայնում է այդ դատավորի կողմից կայացված որոշումների դեմ, դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է արդարադատության խորհուրդ, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահներին, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Արթուր Այվազյանը համոզված պնդում է, որ այդ դատավորը, որին ինքը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկեն, չի կարող անաչառ քննել իր գործը: Դատավորը, սակայն մերժել է բացարկի միջնորդությունը՝ համարելով, որ ինքն անկողմնակալ է այս գործով: Չնայած Մանախի խոստացած բացահայտումները չեն հնչել, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա չի մտափոխվել, և եթե ամեն ինչ իր հունով գնա, դրանք կհնչեն հաջորդ նիստին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նրա հայտարարությունները վերաբերելու են Հոկտեմբերի 27-ի գործով ամենակարևոր վկաներից Սամվել Առաքելյանի սպանության հանգամանքներին: Առաքելյանը շատ ուշագրավ տեղեկությունների էր տիրապետում Հոկտեմբերի 27-ի գործով: Նա սպանվեց հոկտեմբերի 14-ին, երբ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին դատարանում պետք է հայտարարություններ աներ Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների կազմակերպման վերաբերյալ: Սակայն բանը դրան չհասավ, և հոկտեմբերի 14-ին նրա դիակը հայտնաբերվեց Հաղթանակ կամրջի տակ: Նշենք, որ Մանախը դատապարտվել է հենց Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործարքի կապակցությամբ Արթուր Այվազյանը մի քանի ամիս առաջ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ցուցմունքներ է տվել, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմ չտեսնելով ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դատապարտյալին առաջարկվող գործարքի մեջ: ՀՔԾ-ն նույնիսկ քրեական գործ չի հարուցել դատապարտյալի նկատմամբ՝ սուտ մատնության մեղադրանքով, ինչը ևս տարօրինակ է: Անգամ ծառայողական քննություն չի նշանակվել մանրամասները պարզելու համար: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մանախը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբոր «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Մովսիսյանի անվտանգության տեղակալն է եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/27730#sthash.nBgJhFWO.dpuf
