Նոյեմբերի 21-ից 24-ը տեղի է ունեցել ՙՀայաստան՚ հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Հեռախոսամարաթոնն անցկացվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ` ՙՄիասնություն եւ աջակցություն՚ խորագրի ներքո: Դրամահավաք միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները: Օրանժ Տելեկոմ ընկերության` Ֆրանսիայի չորս քաղաքներում (Փարիզ, Թուլուզ, Մարսել, Լիոն) տեղակայված կայաններից 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50.000 ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ձեռնարկներին:
Այս տարի հեռախոսամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդկայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, ինչպես նաեւ Սիրայում հայկական դպրոցների կառուցմանը:
Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` նվիրատվությունները շարունակվում են, եւ ոչ տնտեսական ճգնաժամը, ոչ էլ քաղաքական անկայուն մթնոլորտը որեւէ կերպ չանդրադարձան կամավորների եւ նվիրատուների ցանկության վրա` սատար կանգնելու հայրենիքին:
Այս օրերին դրամահավաք-միջոցառումներ են անցկացվում նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Լիբանանում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում: Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի տեղեկացմամբ էլ վերջին տասնօրյակի ընթացքում 700-ից ավել տպագիր եւ էլեկտրոնային տեղեկատու- շրջաբերական է ուղարկվել հայ համայնքի անդամներին: Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 28-ին, ՙՀամայնքի կենտրոնում՚ կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները, ինչպես միշտ, կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը:
անդամներին: Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 28-ին, ՙՀամայնքի կենտրոնում՚ կանցկացվի տեղեկատվական երեկո, որի ընթացքում նվիրաբերված գումարները, ինչպես միշտ, կուղղվեն արցախյան ազատամարտում զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը:
Tags: 1 միլիոն 460 հազար եվրո, համաեվրոպական հեռախոսամարաթոն, ՙՀայաստան՚ հիմնադրամի
