Վարչապետը շրջել է Գյումրու շենք-շինություններում

Վարչապետ, ԳյումրիԱյսօր աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա քաղաքաշինության նախարարի, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի, և այլ պաշտոնատար անձանց հետ շրջայց կատարեց քաղաքի մի քանի շինություններ: Վարչապետը ծանոթացավ Գյումրու տեխնոպարկի շենքի շինարարությանը, եղավ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքում, չափագիտության ազգային ստանդարտների լաբորատորիայի (քաղաքապետարանի նախկին շենք), ազգային վիճակագրական ծառայության մարզային գրասենյակում, “Սամարիթեր” հիվանդանոցում:

Հիշյալ շենքերի ուսումնասիրության և այցի նպատակների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է. “Որպեսզի պետական ծառայությունները ռեացիոնալ բաշխվեն քաղաքում, հասանելի լինեն մեր քաղաքացիներին, հարմարավետ լինեն: Դրա համար նայում ենք բոլոր տարածքները և այնպես դասավորենք, որ տարբեր պետական գերատեսչություններ հարմարավետ կարողանան տեղակայվեն. պետք է օպտիմալ լուծումներ գտնենք”:
Քանի որ Գյումրու մի քանի շենք-շինություններ համարվում են պետական սեփականություն, այդ թվում վերը նշված տեղանքները, իսկ մի շարք պետական գերատեսչություններ աշխատում են վարձակալական տարածքներում, կառավարությունը ձեռնամուխ է եղել ի մի բերել սեփական տարածքներն ու դրանք համապատասխան բաշխեն իր ենթակայության տակ գտնվող կառույցների միջև:
Մասնավորաբար, մասնագետների հետ քննարկում էին, թե ո՞րն է ավելի ձեռնտու` վերանորոգել եղած շենքերը, թե հիմքից կառուցել նորը:
“Ունենք պետական գերատեսչություններ, որոնք տարածքները վարձակալում են, այն դեպքում, երբ պետք է մենք շահագործման հանձնենք պետական տարածքներ: Նույնպես խնդիր է դրվում, որպեսզի նրանք դուրս գան վարձակալական տարածքներից, տեղափոխվեն պետական տարածքներ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք հասկանանք, թե այս պահի դրությամբ այդ տեղաբաշխումների լավագույն տարբերակները որոնք են”, իր խոսքում նշեց վարչապետը:

Tags: ,