Վարչապետը Գյումրին փակ քաղաք դարձնելու ու Պուտինի այցի մասին

տիգրան սարգսյանԱյսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ծրագրերով է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ինչպես նա, որպես վարչապետ, մեկնաբանում այն լուրերը, որ Գյումրին վերածվելու է փակ քաղաքի:

“Փակ քաղաքի՞, – զարմացավ Տիգրան Սարգսյանը: – Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքը եղել է ու կմնա: Այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու, իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ ոչ միայն Երևան է այցելելու Պուտինը, այլ նաև Գյումրի: Երկրորդը. միշտ էլ նկատած կլինեք, որ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձիք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, մեր հարաբերություններն ընդլայնեն ու խորանան, և մենք համոզված եք, որ նման այցելությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ամրապնդմանը: Եվ այս այցելությունը հենց այդպիսին կլինի: Համոզված եմ, դա մեր ժողովրդի շահերից է բխում, նաև` գյումրեցիների շահերից”:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բացի Վլադիմիր Պուտինից, այդ օրը Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից. “Մենք պատրաստվում ենք ֆորումի, նաև ՌԴ-ից այցելելու են տարբեր մարզերի ղեկավարներ, և հիշում եք, անցյալ տարի մենք անցկացրեցինք ռեգիոնալ ֆորում, այս տարի նույնպես այդպիսի ֆորում ենք անցկացնելու, որպեսզի Ռուսաստանի մարզերը հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալ մեր մարզերի կարողությունների հետ և այդ հիմքի վրա մշակեն համատեղ ծրագրեր, ներդրումային ծրագրեր, առևտրաշրջանառությունն ավելացնելու, նոր ձեռնարկություններ հիմնելու: Այնպես որ, սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայկական բիզնեսն իր կարողությունները ներկայացնի իր ռուս գործընկերներին, ցույց տա Հայաստանի ներդրումային գրավչությունը և նոր ներդրումներ գրավի, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից”, – Գյումրիում նշեց վարչապետը:

Tags: , ,