Թուրքիայում իր իսկական տարիքը չիմացող 10-ամյա քուրդ աղջիկը երեխա է ունեցել

Թուրքիա, քուրդ աղջիկՍտամբուլի Քարթալ թաղամասում երեկ 10-ամյա մի աղջիկ վաղաժամկետ ծննդաբերություն է ունեցել: Տղա երեխային տեղափոխել են նման երեխաների համար նախատեսված ինկուբատոր: Միայն ծննդաբերությունից հետո են բժիշկները նկատել, որ երեխայի մոր անձնագրում ծննդյան թիվը 2003 թվական է գրված և անմիջապես ոստիկանություն կանչել: Մարդինցի քուրդ աղջիկը թուրքերեն չի իմացել և միայն թարգմանիչի միջոցով կարողացել է ասել, որ ինքնակամ է ամուսնացել և ոչ մի բողոք չունի:

Այնուհանդերձ թուրքական «Հաբերթյուրքի» լրագրողին հաջողվել է զրուցել մանկահասակ մոր հետ և լսել նրա կյանքի պատմությունը: «Մարդինում հորս երկրորդ կնոջից եմ ծնվել, 14 երեխա ենք: Ես նույնիսկ անձնագիր չեմ ունեցել, դպրոց չեմ գնացել: Անցած տարի մեծ եղբայրս ամուսնացավ: Ավանդական խոսքկապ արեցին և ինձ ամուսնացրին հարսիս եղբոր հետ: Նա 23 տարեկան էր, հովվությամբ էր զբաղվում: Ինձ հարսանեկան զգեստ հագցրին, հարսանիք արեցին: Սոցիալական խնդիրների պատճառով Բուրսա մեկնեցինք, մեկ ամիս առաջ էլ Ստամբուլ տեղափոխվեցինք: Ամուսինս գործարանում աշխատանք գտավ: Երբ երեխան արդեն 5 ամսական էր, նոր նկատեցի, որ հղի եմ, սակայն բժշկի չեմ դիմել: Իրական տարիքս չգիտեմ, սակայն մայրս ասում է, որ 18 տարեկան եմ»,-պատմել է աղջիկը: