
Երևանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ: Նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության առաջիկա` նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում,հաղորդում է Փաստինֆոն:
Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության և պետության կարիքների համար» ձևակերպմամբ:
Կառավարությունը գտնում է, որ «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»:
Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»: Նախագծից պարզ է դառնում նաև, որ կառուցապատման ծրագրերով uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ և, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:
Ի դեպ, նշենք որ օտարվեղ նոր տարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվելու են «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը, որն արդեն իսկ հայտնի է մայրաքաղաքում նմանատիպ ծրագրերի իրականացմամբ: Բավական է հիշել դեռևս 2008թ-ին կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Պուշկինի 2 հասցեի հիներևանյան շենքը, կամ Պուշկին 38 հասցեում բնակելի շենքերով շրջապատված բակը, որտեղ այս ընկերությունը 2009թ-ին նոր շենք կառուցելու թույլտվություն ստացավ: Իսկ վերջին այսօրինակ նվերը «Լոկալ Դիվելոփըրզ»-ին կառավարությունն արել էր այս տարվա օգոստոսին` Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելով, և դրանք ևս կառուցապատման իրավունքով, հանձնելով նույն ընկերությանը:
Եվ ահա, այս ծրագրերը դեռ չիրականացրած, կառավարությունը նույն ընկերությանը հիմա էլ նոր տարածք է տրամադրում:
Հիշեցնենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
