Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին

IMG_ABRAMICH 0000Վաղը մայրաքաղաքի «Դինամո‰ մարզասրահում կմեկնարկի  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»‰ հանդբոլի երիտասարդական  միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարադական հավաքականները:
Այսօր Երևանի «Ուրբաթ»‰ ակումբում, հանդիպելով լրագրողներին, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց նախապատրաստական աշխատանքների մասին:
Նախ, բանախոսը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են , որպեսզի ստուգատեսը կազմակերպվի: Տրամադրվել է մարզադահլիճ, տպագրվել են միջազգային մրցաշարի տարբեր չափերի ազդագրեր, ծրագիր, մամուլի ասուլիսի համար անցկացման սրահ է հատկացվել և այլն: Փաստերը խոսուն են և վկայում են այն մասին, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան համագործակցում է բոլոր նրանց հետ, ում հոգեհարազատ է սպորտը, գրավիչ այս մարզաձևը:
Տեղեկացվեց, որ Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները ճանապարհին են և ավտոբուսներով Երևան են ժամանաելու այսօր: Ռուսաստանի հավաքականը մրցավայր է ուղևորվելու ինքնաթիռով: Պատվիրակությունը գլխավորելու է այդ երկրի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն:
Հյուրերն իջևանելու են Երևանի «Էրեբունի‰» հյուրանոցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա նրանք օրերս ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանում`այդ երկրի իրենց հասակակիցների հետ, իսկ պարապմունք կանցկացնեն «Դինամո‰» մարզասրահում:
Նշվեց, որ եթե նախկինում այս մրցաշարը կազմակերպվել է մեծահասակաների տարբեր երկրների հավաքականների մասնակցությամբ, ապա այժմ մրցասպարեզ են դուրս գալու երիտասարդական թիմերը: Դա կատարվել է արտասահմանյան մասնակից երկրների ներկայացուցիչների խնդրանքով, որպեսզի հավաքականները ևս մեկ հնարավորություն ունենան մրցումների բովում ստուգելու ուժերը, խաղային փորձ կուտակելու և նախապատրաստվելու 2014-ի հունվարի սկզբին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի մրցումներին:
Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչներին ևս լուրջ փորձություն է սպասում: Նրանք Ռումինիայում հարաբերություններն են որոշելու տանտերեի և Թուրքիայի հավաքականների հետ:
Բանախոսը հայտնեց, որ ուշագրավ մրցամարտեր են սպասում: Արժանավորներին հանձնվելու են պարգևներ: Հաղթող հավաքականի համար նախատեսված գլխավոր մրցանակից բացի, մրցանակներ են սպասում լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին:
Հանդիսավոր է կազմակերպվելու փակման արարողությունը, և հանդիսականներին հաճելի ակնթարթներ են սպասում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև մարզաձևի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներին, այն ծրագրերն, որոնք կազմակերպությունն իր առջև դրել է: Ասվեց, որ թեև վերջին տարիներին հայկական հանդբոլում զգալի առաջընթաց է նկատվում, սակայն անելիքները շատ են: Ցավոք, մեծահարուստները պրոֆեսիոնալ ակումբներ ստեղծելու համար  ֆինանսներ չեն ներդնում: Իսկ առանց դրա մարզաձևը չի կարող ցանկալի մակարդակի հասնել: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում չկա հանդբոլի ժամանակակից պահանջներին համապատասխանող, համապատասխան չափերի մարզասրահ: Հնարավորն արվում է, որպեսզի այդ բացը լրացվի: Ի դեպ, որպես նվեր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մի քանի հարյուր եվրո արժողությամբ հանդբոլի մանրահատակ է ստանալու, մնում է, որ այն տեղադրվի որևէ մարզասրահում:

Tags: , ,