«Կգա ժամանակը, և Ծառուկյանը կխոսի իր չառաջադրման պատճառների մասին». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա ԶոհրաբյանԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շատ արդյունավետ է գնահատում ԲՀԿ քարոզարշավը և կարծում է, որ իրենց հաջողվել է երևանցիներին հասցնել իրենց հիմնական “մեսիջները”` այդ թվում նաև այն, որ այս ընտրությունները լուրջ քաղաքական ընտրություններ են և ոչ թե զուտ ասֆալտապատման գորրծընթաց:

Այս մասին նա հայտարարեց ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ: Նա նաև ասաց, որ եթե ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, ապա ԲՀԿ-ն կհաղթի և ավագանիում կձևավորի մեծամասնություն: Նա նաև շատ հավանական համարեց ոչ իշխանական ուժերի հետ հետընտրական դաշինքի ստեղծումը:

Պարզ դարձավ, որ հատկապես ջերմ են ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները: Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց. «Իշխանությունների բոլոր փորձերը` սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության միջև, չի հաջողվելու»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ԲՀԿ-ն երեկվա հանրահավաքին շատ մարդկանց գումարի դիմաց էր բերել, Զոհրաբյանը հերքեց` դա համարելով որոշ քաղաքական ուժերի տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից իրականության հերթական միտումնավոր խեղաթյուրում:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանը պատասխանատու պահին (նախագահական ընտրությունների շեմին) միայնակ է թողել իր ընտրազանգվածին` չառաջադրելով իր թեկնածությունը, ապա Զոհրաբյանը շտապեց բոլորին հանգստացնել` հավաստիացնելով, որ կգա ժամանակը, և Ծառուկյանը կխոսի իր չառաջադրման պատճառների մասին:

ԲՀԿ ներկայացուցիչը նույնպես կարծում է, որ այս ընտրություններին իշխող կուսակցությունը դիմելու է կեղծիքների. «Ընտրակեղծարարների բանդան հանվելու է ի զեն, բայց չպիտի հուսահատվել,այս անգամ լրջագույն հնարավորություն կա ընտրական հանձնաժողովում պահել քվեն»,-ասաց նա` միաժամանակ նկատելով, որ իրենք միամիտ չեն և գիտեն, որ շատ բան արվում է մինչև ընտրությունները:

 

 

 

 

 

 

Tags: