Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ պատասխանատվություն կրելով հանրախանութում տեղի ունեցած աղետի համար

latvia-prime ministerԵրեքշաբթի օրը Լատվիայի վարչապետը, քաղաքական պատասխանատվություն կրելով մայրաքաղաքում հանրախանութի տանիքի փլուզման համար, որի հետևանքով 54 մարդ էր զոհվել, հրաժարական է տվել:

Վալդիս Դոբրովսկիի այս որոշումը ազդում է նաև աջակենտրոն կառավարության վրա, որը ավտոմատ կերպով արձակվում է: Նա Լատվիայի պատմության ընթացքում այս պաշտոնը ամենաերկար զբաղեցրած վարչապետն է:

Դոբրովսկին նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպելուց հետո հայտնել էր, որ հաշվի առնելով ողբերգությունը և դրա հետևանքները՝ ինքը կարծում է, որ երկիրը  խորհրդարանի մեծամասնության աջակցությունն ունեցող կառավարության կարիք ունի, որը կարող է լուծել երկրում առաջացած իրավիճակը:

Անցած շաբաթ Maxima հանրախանութում տեղի ունեցած փլուզումը Լատվիայում 1991թ-ին Սովետական միությունից անկախանալուց հետո տեղի ունեցած ամենածանր աղետն էր:

Ոստիկանությունը դեպքի կապակցությմաբ քրեական գործ է հարուցել: Փլուզման հնարավոր պատճառ կարող են լինել սխալ դիզայնը, անորակ շինանյութերը և կոռուպցիան:

Նախագահի գրասենյակից հայտնել են, որ Բերզինշն  ընդունել է նրա հրաժարականը և այժմ հնարավոր թեկնածու է փնտրում, որը կկարողանա նոր կոալիցիա ձևավորել:

Դոբրովսկին Լատվիայի վարչապետ էր դարձել 2009թ-ին, որից հետո երկու անգամ վերանշանակվել էր այդ պաշտոնում: Նա մեծապես գնահատվում է Բալթյան երկիրը սնանկացումից փրկելու համար:

Tags: