Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացվել է «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսը

Տարոն ՄարգարյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվել են  ցուցանմուշներ թանգարանի հավաքածուներից: Ի դեպ, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում այսօր պահպանվում են պատմության և մշակույթի շուրջ 1.300.000 հուշարձաններ, որոնք հավաքվել են ավելի քան 90 տարվա ընթացքում:

Ցուցահանդեսի բացման առիթով Երևանի  քաղաքապետին և ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում թանգարանի գլխավոր տնօրեն Սերգեյ  Արխանգելովը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին թանգարան այցելելու և ցուցահանդեսի բացմանն անձամբ մասնակցելու համար: Թանգարաի տնօրենը նաև նշել է, որ հայկական ցուցանմուշները թանգարանի կարևորագույն ձեռքբերումներից են, և  Երևանի օրերի անցկացումը ևս մեկ հրաշալի առիթ էր դրանք ռուս արվեստասեր հասարակությանը ներկայացնելու համար:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սերգեյ Արխանգելովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին ու շնորհակալություն հայտնել նրան հայկական մշակույթի նկատմամբ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է նաև հայ ժամանակակից նկարիչ Կայծ Վանիկյանի գործերը, ում աշխատանքներն, ի դեպ, այսօր ներկայացված են ԱՄՆ-ի, Իտալիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հայտնի թանգարաններում:

22 հայկական երիտասարդական կազմակերպություն ընդգրկող Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան ևս ցուցահանդեսին ներկայացել է երիտասարդ հայ տաղանդավոր նկարիչների աշխատանքների  ցուցադրությամբ: Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև այդ աշխատանքներին ու շնորհավորելով երիտասարդներին՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդներին Երևանում ևս ցուցադրությամբ հանդես գալու և ազգանպաստ ծրագրերի իրականացման  հարցում:

«Հայկական մոտիվներ» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբերի 8-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: