Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում մեր երկրի տղամարդկանց ընտրանին առաջին հաղթանակը տարավ: Մերոնք 3:1 հաշվով առավելության հասան Եգիպտոսի թիմի նկատմամբ: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմում չէր առաջատարը` Լևոն Արոնյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը նրան հանգստանալու հնարավորություն էր տվել:
Առաջին խաղատախտակի առջև տեղ զբաղեցրած Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 93-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց Մուհամեդ Եզադի հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 57-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Սամի Շոկերին: Գաբրիել Սարգսյանը սևերով 58-րդ քայլին ոչ-ոքի ավարտեց պարտիան Բասեմ Ամինի հետ: Տիգրան Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով 32-գ քայլին հաղթեց Հասան Լյաբիբին:
Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ:
