ՀՅԴ խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Արմեն ՌուստամյանըԽորհրդարանում լրագորղների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե ընդդիմությանը հաջողվի վերահսկել այս ընտրություննեըը, ապա գործող իշխանություններն ավագանիում չեն ունենա մեծամասնություն:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական նախընտրական դաշինքի ձախողմանը, նա ասաց, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերին կոչ է անում գոնե հետընտրական դաշինք ձևավորել:
Ռուստամյանը կարծում է, որ դա ձեռնտու կլինի բոլորին,. քանի որ ընդդիմադիր որևէ ուժ առանձին հնարավորություն չունի 50 տոկոսից ավելի հավաքելու, իսկ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, կարող են իրավիճակը փոխել. «Ընտրողը պետք է իմանա, որ, ընդդիմությանը ձայն տալով` նպաստել է իշխանությունների փոփոխությանը: Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի»,-ասաց նա:
Նա նաև ասաց, որ ՀՅԴ-ն բոլոր ոչ իշխանական ուժերի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ է. «Կամուրջներն այրված չեն, և մենք ամեն ինչ կանենք, որ միացյալ շտաբը լինի: Իսկ եթե որևէ մեկը փորձի խափանել դա, ապա դա կլինի իր քաղաքական վերջը, այդ ուժը քաղաքական դիակ կդառնա»:
«Անկախ»-ի դիտարկմանը, թե քաղաքական դաշինքը կարող է չկայանալ այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն իշխանափոխություն են ուզում միայն այն դեպքում, եթե դա փոխարինվի իրենց ուժով, Ռուստամյանը պատասխանեց. «Այո, խնդիրը հենց դա է: Դրա համար էլ Դաշնակցությունը նախորդ ընտրություններին առաջ չքաշեց իր թեկնածուին, և թվաց, թե մենք թեկնածու չունենք: Բայց մենք դա չարեցինք, որպեսզի խնդիրը չտեղափոխվի այն դաշտ, որ անպայման մենք ենք ուզում գալ իշխանության: Մենք 7 կետ ենք առաջ քաշել, և եթե վաղը այդ 7 կետերը Սերժ Սարգսյանն իրականացնի, ես կասեմ` բրա´վո: Իսկ ձեր բարձրացրած հարցին թող պատասխանեն նրանք, ովքեր իշխանափոխություն հասկացությունը լիարժեքորեն չեն հասկանում և փոխակերպուն են այն մարդափոխություն հասկացությամբ: Բայց դեռ պետք է հիմնավորեն` իրենց գալով ինչ որ բան փոխվելու՞ է, թե՞ ոչ»:
Tags: Արմեն Ռուստամյան, ՀՅԴ