Երևանի թիվ 8 և Մոսկվայի 1305 դպրոցները կհամագործակցեն տարբեր ծրագրերի շրջանակում

 Երևան,Մոսկվա,դպրոցներՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոց: Այցի հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի ստորագրած համագործակցության ծրագրի շրջնակում գործակցության հաստատումն ու զարգացումն է երկու մայրաքաղաքների Կենտրոն վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Այս ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արա Սադոյանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերի հանդիպման ժամանակ:
Դպրոց այցի շրջանակում Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանը և Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոցի տնօրեն Օլգա Մորոզովան կնքել են համագործակցության պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է երկու դպրոցների ուսուցիչների և աշակերտների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացում, փոխայցեր, հեռուստակամուրջներ և մի շարք այլ ծրագրեր:
Տնօրենի ուղեկցությամբ Արա Սադոյանն ու Նատալի Ստեփանյանը նաև շրջել են դպրոցում և ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: , ,