ՄԻՊ. Կան հարյուրավոր մանկատան շրջանավարտներ, որոնք բնակարանի կարիք ունեն

ՄԻՊԵրեկ մանկատան տասնյակ շրջանավարտներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք բնակարանները: ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիրը։ Պաշտպանի միջամտությամբ վերջին մի քանի ամսվա ընթացքում 5 մանկատան շրջանավարտներ ապահովվել են բնակարաններով: Սակայն մեր ունեցած տվյալներով «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու են համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ: Այսինքն՝ դեռ կան հարյուրավոր մանկատան շրջանավարտներ, որոնք բնակարանի կարիք ունեն:

Մանկատան շրջանավարտները հայտնում են իրենց մտահոգությունն այն մասին, որ նախկինում սահմանված հերթագրման կարգը չեղյալ է համարվելու, և արդեն իսկ հերթագրված շրջանավարտները չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք բնակարանները: Բացի այդ բողոքում էին, որ համաձայն իրենց տեղեկությունների, մանկատան շրջանավարտների համար կառուցված շենքը օտարվելու է և վաճառվելու է այլ քաղաքացիների:

Այս և մի շարք այլ խնդիրներ պարզաբանելու նպատակով Պաշտպանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել համապարփակ տեղեկություն կատարված և նախատեսվող փոփոխությունների մասին:

Tags: , ,