«Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ»-ի շրջանակներում 7 ֆիլմ կցուցադրվի

Nkar Առաջին ալիքի եթերում մեկ շաբաթ շարունակ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու եվրոպական արտադրության հետաքրքիր ֆիլմեր. այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին, որն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության նախաձեռնությամբ: Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակել եվրոպական մշակույթը, տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում վերջին տարիներին ստեղծված ֆիլմերը ճանաչելի եւ սիրելի դարձնել, հիշեցնել, որ եվրոպական արտադրության ֆիլմերը իրենց արժանի տեղն ունեն հոլիվուդյան ֆիլմերի կողքին:

Ծրագրի շրջանակում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) 26 անդամներ՝ եվրոպական հանրային հեռարձակողներ, մեկ շաբաթ շարունակ կներկայացնեն եվրոպական արտադրության լիամետրաժ ֆիլմեր, որոնք դեռեւս մեծ տարածում չեն գտել իրենց երկրի սահմաններից դուրս: Բացի ֆիլմերի ցուցադրությունից, ռադիո եւ հեռուստատեսային ալիքները կներկայացնեն նաեւ ստեղծագործական կազմի՝ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների հետ հարցազրույցներ, տարբեր տեսանյութեր ֆիլմերի ստեղծման պատմության մասին:

Ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-8-ը, Առաջին ալիքը կներկայացնի 7 ֆիլմ՝ «Անպարտելիները», «Մյուս կինը», «Կրաուզեի բուժումը»,  «Շնիցել դրախտ», «Օկամի ածելին», «Պարետային ժամ 1», «Պարետային ժամ 2»:

Եվրոպական հեռարձակողների միության մեծ ընտանիքին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն միացել են ութ տարի առաջ: