«PR Newswire» կայքում հրապարակված հոդվածում, որը տեղ է գտել նաև թուրքական «Հաբերլերում» խոսվում է Հայաստանում գոյություն ունեցող կաշառակերության մասին՝ նշելով, որ Եվրամիության և Հայաստանի միջև բանակցությունների նոր ձևաչափի համար, անհրաժեշտ է, որ Հայաստանը պայքար սկսի երկրում կաշառակերության դեմ:
Հոդվածում նշվում է, որ բացի ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնությունից, տնտեսական համագործակցության համար մի շարք արգելքներ գոյություն ունեն, որոնցից մեկը հանդիսանում է Հայաստանի կառավարության շրջանում կաշառակերության բարձր մակարդակը: Վաշինգտոնում հայկական սփյուռքի կենտրոններից մեկում «Հայկական քաղաքական ֆորումի» հրապարակած մի հաշվետվություն համաձայն՝ Հայաստանում տիրող վիճակը անհանգստություն է առաջացնում: Հաշվետվության մեջ նշվում է հետևյալը. «Կաշառակերության պատճառով Հայաստանին սպառնում է կործանում: Այս երկրում սա մնում է ամենամեծ խնդիրներից մեկը»:
Իսկ ահա «Հայկական քաղաքական ֆորումի» անդամ Զավեն Քալաջյանը Հայաստանի հիմնական խնդիրը համարում է իշխանությունների անտարբերությունը հասարակական կարծիքի նկատմամբ: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում առկա կաշառակերությունը առաջին հերթին ձեռնտու է հենց երկրի ղեկավարներին: Քալաջյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության որոշումները իրականացվում են ոչ թե հօգուտ քաղաքացիների, այլ կոռումպացված դասակարգի օգտին:
