Այս տարի պետական կարիքի զոհ է դարձել 365 ընտանիք

պետական կարիք14 դատական գործերի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ՀՀ պետբյուջեից պետական կարիքների զոհ դարձած քաղաքացիներին վճարվել է ավելի քան 550 հազար դոլար: Մի շարք դատական գործեր էլ դեռ դատարանում են, ուստի առաջիկայում նոր վճիռներ կլինեն. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿնախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նրա խոսքով` 2013-ի  ընթացքում  ևս ավելացել է   պետական կարիքների զոհերի թիվը. Ֆիրդուս և Կոզեռն թաղամասերի 365 ընտանիքներ անօթևան են մնացել:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց  պետական կարիքների համար իրականացվող իրացման գործընթացին՝  մասնավորապես Արամի 38 հասցեի նախկին սեփականատերերի իրավունքներին:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ Արամի 38 հասցեի սեփականատերերից Լյուբով Փիլոյանը, ինչպես և պետական կարիքների բազմաթիվ այլ զոհեր, անընդունելի է համարել առաջարկվող փոխհատուցման պայմանները և դատական կարգով է զրկվել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանում  Փիլոյանի և պետության միջև հաշտության պայմանագիր է կնքվել, ըստ որի  նույն հասցերում, սակայն պետական կարիքների տակ չգտնվող տարածքից Փիլոյանին պիտի հատկացվեր 332,5 քմ մակերեսով հողամաս: Հարկադիրը, սակայն, դատարանի վճռի կատարումը տարբեր որոշումներով ձգձգել է:

« Ամեն անգամ հարկադիրի  որոշումները բողոքարկել ենք վարչական դատարան, որն էլ ամեն անգամ այս որոշումներն անօրինական է ճանաչել ու պարտավորեցրել կատարել դատարանի վճիռը»,- ասում է Գրիգորյանը::

2008-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Լյուբով Փիլոյանին պատկանող հողամասն ուղիղ վաճառքով հատկացվել է «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին:

Դրանից հետո Փիլոյանի փաստաբանը  վարչական դատարան  է դիմել՝   քաղաքապետարանի որոշումն  անվավեր ճանաչելու պահանջով, այս անգամ, սակայն, դատարանը բացասական վճիռ է կայացրել:  Գործն այժմ  վարչական վերաքննիչ դատարանում է:

«Դեկտեմբերի 9-ին  վարչական վերաքննիչ դատարանում տեղի կունենա Լյուբով Փիլոյանի գործի վերաքննությունը: Ելքից կախված կորոշվեն հետագա  անելիքները: Ներպետական ատյանները սպառելուց հետո գործը կներկայացվի ՄԻԵԴ»,- ասում է  Արթուր Գրիգորյանը:

«Սոգլասիե Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանի կարծիքով, սակայն, ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտում չկա. Փիլոյանն ընդամենը դատական կարգով վիճարկում է փոխհատուցման տրամադրման ձևը: Նրա խոսքով՝ ընկերությունը մինչև 2012-ն անգամ տեղյակ չի եղել դատական գործընթացից:

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը որևէ պահի և որևէ ժամանակ չի եղել իրացնող կազմակերպություն, միայն  կառուցապատման աշխատանքներ է իրականացրել՝ պայմանագրերի հիման վրա:  Իրացնողը ՀՀ-ն է՝ ի դեմս ԾԻԳ-ի,- ասում է  Աշոտ Աբրահամյանը՝ հավելելով, որ  ընկերությունը  որևէ քաղաքացու հետ  պայմանագիր չի կնքել,  հատուցում չի տվել, իսկ    հողամասերը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի:

 

Tags: ,