«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը վաղը կայանլիք խաղում կվիճարկեն Ռուսաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականները: Այսօր այդ թիմերը երկրորդ հաղթանակները տարան:
Ռուսաստանի ներկայացուցիչները 43:26 (20:13) հաշվով առավելության հասան Ուկրաինայի թիմի նկամամբ: Իսկ ահա, Հայաստանի հավաքականը 21:32 (10:16) հաշվով զիջեց Վրաստանի թիմին:
Թեև մերոնք բացեցին հաշիվը, սակայն վրացի հանդբոլիստները հետո առաջ անցան: Հանդիպման ընթացքում եղավ մի պահ, երբ մերոնք զիջում էին 3 գնդակի տարբերությամբ, սակայն բեկումը չկայացավ:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի հավաքականի խաղացողներից ալավերդցի Հրաչիկ Մարգարյանը 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ արժանի մրցակցի հետ են ուժերը չափել և հիմնականում մերոնց խանգարել է միջազգային հանդիպումների մրցափորձի պակասը:
Վաղը Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի թիմիի հետ, որը նույնպես երկու խաղ տանուլ է տվել:
