Նեկրասովի անվան գրադարանում ցուցադրվել են ֆոնդերում պահվող հայատառ գրականության հրատարակություններ

Նեկրասովի գրադարան, հայատառ գրականությունՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:

Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել է ցուցադրություն, որում ներկայացվել են գրադարանի ֆոնդերում պահպանվող հայատառ գրականության մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ գրքեր, ամսագրեր, ինչպես նաև որոշ փաստաթղթեր:
Գրադարանի գլխավոր տնօրենի միջազգային գծով տեղակալ Ռաիսա Սամսոնովան, ջերմորեն ողջունելով հյուրերին և ուղեկցելով գրադարանի սրահներով, նշել է, որ գրադարանի ֆոնդերում պահվող հայատառ գրականության զգալի մասը արժեքավոր է և բացառիկ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման համար, ընդգծել է, որ նման հավաքածուի առկայությունը ռուսական գրադարանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայկական արժեքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ամենախոսուն գնահատականն է:
Ի դեպ, կազմակերպված ցուցադրության շրջանակում առանձին ներկայացվել է նաև հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչների ալբոմների ցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: ,