Նախկին դատապարտյալին պաշտոն է վստահվել զինված ուժերում և նա կրկին հայտնվել է մեղադրյալի աթոռին

30.11.19ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ճաշարանից այս տարվա հուլիսին անհետացել է 379 հազար 981 ՀՀ դրամի խոհանոցային սպասք` չժանգոտվող պողպատից 33 ափսե և 130 գդալ, պոլիպրոպիլենից 65 գավաթ և 8 սկուտեղ, 25 հատ տարբեր չափերի ալյումինե կաթսա և թեյնիկ, 3 հատ խոհարարի եռյակ դանակ, ինչպես նաև` խոհարարական հանդերձանք` 7 լրակազմ կոստյում բամբակյա կեպիով, 13 հատ անդրավարտիք, 36 թասակ, 10 գոգնոց և 15 խալաթ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի խոհանոցի աշխատակից Արտյոմ Պողոսյանին` այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և պատասխանատու լինելով ճաշարանախոհանոցային սպասքի պահպանման համար, ցուցաբերել է անփույթ վերաբերմունք, պատշաճ կարգով չի ստուգել ճաշարանի գույքը, ճաշարանախոհանոցային ունեցվածքի նկատմամբ հսկողություն չի իրականացրել, որի հետևանքով առաջացել էական վնաս:
Ամենատարօրինակն այս գործում այն է, որ մեղադրյալը նախկինում արդեն մեկ անգամ դատապարտված է եղել:
Այսինքն` զինված ուժերում պատասխանատու պաշտոն է վստահվել, մեղմ ասած, ոչ այնքան վստահելի մի անձնավորության, ով, փաստորեն, նաև ազատ շփում է ունեցել բանակայինների, այդ թվում նաև` զորակոչիկների հետ:
Ինչևէ, տեղի ունեցածի վերջնական գնահատականն այժմ արդեն կտա դատարանը:
 «Փաստինֆո»
  http://www.pastinfo.am/hy/node/28089#sthash.iXghc2tW.dpuf
Tags: