«Ուզբեկական» գործով կայացվեց արդարացման դատավճիռ

bigstock-Decorative-Scales-Of-Justice-I-33449441ՌԴ  քաղաքացի,  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ  Վարազդատ Գրիգորյանը  այսպես կոչված՝  ուզբեկական գործով Գեղարքունիքի մարզի դատարանի կողմից Ճանաչվել է  անմեղ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում։ Դատարանի գնահատմամբ, առաջադրված մեղադրանքները ապացուցված չեն, իսկ նախաքննության փուլում խախտվել են մեղադրյալի դատավարական իրավունքները։

ՌԴ քաղաքացի Վարազդատ Գրիգորյանը 2009 թվականի նոյեմբեր ամսից, ըստ նախաքննական մարմնի, զբաղեցրել է  «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի պաշտոնը, եւ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի, նույն   ընկերության վերգետնյա հարակից տարածքի շահագործման դեպարտամենտի և օդանավակայանների վարչության պետ Ռուստամ Կադիրովի և բնապահպանության և վերգետնյա հարակից տարածքի շահագործման բաժնի պետ Ա.Կալաբաևի հետ,  առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների յուրացման եղանակով կատարել է հափշտակություն, կազմել կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի էական վնաս:

Մասնավորապես, «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրինության կողմից  2010 թվականի մայիս ամսին  Ռուստամ Կադիրովի և  Ա.Կալաբաևի վրա դրվել է «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ վարչական շենքի կապիտալ վերանորոգումը: Վարազդատ Գրիգորյանը լինելով «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական տնօրենը, նախնական համաձայնության գալով Աբդրախմանովի, Կադիրովի և.Կալաբաևի հետ, համապատասխան կերպով չի անցկացրել մրցույթային աճուրդներ, ձևականորեն կազմել են մրցակցային թղթեր, հաղթող ճանաչելով «SIB GRAND» ՍՊ ընկարությանը, որը հիմք է հանդիսացել կնքելու պայմանագրեր և «SIB GRAND» ՍՊ ընկերության և «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության հետ «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքում վերանորոգման-մոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Բացի այդ, Ռ.Կադիրովը  Ա.Կալաբաևի հետ, նախնական համաձայնության գալով «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության տնօրեն Աբդրախիմ Աբդրախմանովի և «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի հետ, խախտելով ՈւՀ նախարարների կաբինետի որոշման պահանջները «Ուզբեկիստան խավո յուլարի» ԱԱ ընկերության ՕՀԳԳ տարածքի կապիտալ վերանորոգման նախնական գինը որոշելու համար չեն ապահովել գծագրային-նախահաշվային փաստաթղթաբանության մշակումը և առանց փորձաքննություն անցկացնելու որպես հիմք են վերցրել կոմերցիոն առաջարկությունները։

Ըստ նախաքննական մարմնի՝ 2009 թվականից մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը յուրացման եղանակով կատարվել է ընդհանուր 29.852.335,33813 ՀՀ դրամ գումարին համարժեք 131.508.085.19 սում գումարի հափշտակություն, որը պետական շահերին հասցրել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ամբաստանյալն, ըստ մեղադրանքի,  նաև կրկին անգամ՝  մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրանցումներ պաշտոնական փաստաթղթերում, այն մասին, որ «SIB GRAND»  ՍՊ ընկերության կողմից կատարվել են վերանորգման-մոնտաժային աշխատանքներ ընդհանուր 767.330.156 սում գումարի, չնայած որ փաստացի կատարվել է ընդհանուր 499.268.851.81 սում գումարի աշխատանք, կրկին անգամ կատարել է պաշտոնական կեղծիք, որը էական վնաս է պատճառել պետական շահերին:

Նկարագրված գործողությունների համար  Վարազդատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  Ուզբեկստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»  կետով,  այսինքն՝ նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ, կրկին անգամ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն: Մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և նրան առաջադրվել մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերի յուրացումն ու վատնումը,  և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝  մի խումբ անձան կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Ամբաստանյալի պաշտպան Վազգեն Նիկոլյանը  դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանի  մասով մեղադրական եզրակացությունը ոչնչով չի տարբերվում Ուզբեկստանի Հանրապետությունում սույն գործով դատապարտված Աբայ Կարաբաևի և Աբդրախիմ Աբդրախիմովի նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունից: Վերոհիշյալ անձանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունում և  կայացված դատավճռում շոշափվել է իր պաշտպանյալ Վարազդատ Գրիզորյանի անունը և նշվել, որ իբր նա հանդիսացել է «SIB GRAND» ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավար: Թե ինչ ասել է  «ոչ պաշտոնական ղեկավար» ձևակերպումն,  իր համար անհասկանալի է: Պաշտպանը փաստել էր, որ իր պաշտպանյալ Վարազդատ Գրիգորյանը որպես  «ոչ պաշտոնական ղեկավարի» մեղադրվել է իրական պաշտոնական ղեկավարների կողմից կատարված բոլոր հանցանքներում:

Պաշտպանն արձանագրել է, որ Վարազդատ Գրիգորյանն Ուզբեկստանի Հանրապետություն է մեկնել 2008 թվականի նոյեմբերին, աշխատել է «SIB GRAND» ՍՊ ընկերությունում որպես շինարարական բրիգադի ղեկավար: 2011 թվականի   հուլիսին ազատվել է աշխատանքից և մեկնել Ուզբեկստանի Հանրապետությունից, նրա մեկնումից մի քանի ամիս անց հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն, որի ժամանակ «իրական հանցանք կատարողներն օգտվելով այն հանգամանքից, որ Վարազդատ Գրիզորյանն Ուզբեկստանի Հանրապետությունում չէ, այնպես են ներկայացրել, որ իբր «SIB GRAND»  ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարը եղել է Վարազդատ Գրիգորյանը և ի թիվս հափշտակություն կատարած անձանց մեղադրանք է առաջադրվել նաև Վարազդատ Գրիգորյանին որպես ՍՊ ընկերության ոչ պաշտոնական ղեկավարի:

Դատարանում պաշտպանական կողմը  խնդրել էր կատարել բազմակողմանի քննություն,  ստուգումներ, փաստաթղթերի զննումներ, ամբաստանյալի դեմ ցուցմունք տված անձանց հետ կատարել առերեսումներ և ճշմարտությունը բացահայտելու նպատակով այլ քննչական գործողություններ: Վարազդատ Գրիզորյանը հայտարարել էր, եթե ստուգումներով պարզվի, որ ինքը թեկուզ մեկ փաստաթղթի տակ ստորագրել է կամ հանձնարարական է տվել, բանկերում որևէ գործարք է կատարել,  ինքը պատրաստ է ընդունել իր կողմից չկատարած ցանկացած մեղսագրվող արարք: Միջնորդությունների կատարումն, ըստ պաշտպանական կողմի,  կապված է մեծ դժվարությունների հետ, սակայն դրանք լույս կսփռեն «այս մութ ու կեղծ գործի վրա և բոլորին պարզ կդառնա, որ  առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու»:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ա. Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ի դատավճռում իր հերթին արձանագրել  է, որ ամբաստանյալ Վարազդատ Գրիգորյանը նախաքննության փուլում զրկված է եղել գործով մյուս դատապարտյալների, վկաների հետ առերես հարցաքննվելու և իր դատավարական իրավունքներն այլ կերպ պաշտպանելու հնարավորությունից, որոնք դատաքննության ընթացքում հնարավոր չէ իրականացնել և վերականգնել:

Դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով առկա չեն բավարար ապացուցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով Վարազդատ Գրիգորյանին մեղսագրված հանցանքները կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից, իսկ մեղադրանքի մարմինները դատարանին այլ՝ նրա մեղավորությունը հաստատող հավաստի և բավարար ապացույցներ չեն ներկայացրել:

Սոնա Մաշուրյան

http://www.pastinfo.am/hy/node/28102#sthash.2cxzfWYY.dpuf
Tags: