Երևանի «Դինամո» մարզասարահում ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարը: Գլխավոր մրցանակի համար պայքարեցին Ռուսաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականները, որոնք երկուական հաղթանակ էին գրանցել իրենց օգտին:
Վրաստանի ներկայացուցիչներն անակնկալ մատուցեցին: Նրանք առաջին խաղակեսում առջևում էին 17:13 հաշվով և խաղն հասցրին հաղթական վերջաբանի`33:28 հաշվով:
Վրաստանի հավաքականի մարզիչ Տիտե Կալանտաձեի ուրախությանը սահման չկար:
«Մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված: Ուժեղ թիմեր էին հավաքվել և դա պայքարին սրություն էր հաղորդում: Ի դեպ, եթե նախկինում այս մրցաշարին մասնակցում էին մեծահասակ հանդբոլիստները, ապա այս անգամ պայքարի բովում էին հայտնվել տարբեր երկրների երիտասարդ, հեռանկարային խաղացողները: Հայաստանի հավաքական ևս ակնառու առաջընթաց ունի: Մեր երկու երկրների երիտասարդական հավաքականները հաճախակի են համատեղ ուսումնամարզական հավաքներ, ստուգողական խաղեր անցկացնում: Փաստորեն, Եվրոպայի առաջնությունից առաջ թեստային հանդիպմներ էին, և ինձ համար էլ անսպասելի էր, որ հաղթեցինք հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ի դեպ, Հայաստանի հավաքականի նկատմամբ էլ դժվարությամբ առավելության հասանք: Նշանակում է, որոշ բաներ ստացվում են»,- ասաց նա:
Tags: հանդբոլ, սպորտ