Հանդբոլի երևանյան միջազգային մրցաշարում 3-րդ տեղի համար պայքարը ևս լարված ստացվեց: Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների մրցամարտում տանտերերը սկզբից տիրեցին նախաձեռնությանը, և իրենց օգտին գրանցեցին առաջին խաղակեսը: Ուկրաինացիները շարունակ հետապնդողի դերում էին: Խաղավարտից մեկ րոպե առաջ Հայաստանի հավաքականը հաղթում էր 21:20 հաշվով: Ուկրաինացի խաղացողները չկարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ ահա մերոնք արդյունավետ հակագրահ ձեռնարկեցին և լուսատախտակի վրա վառվեց 22:20 հաշիվը: Խաղն ավարտվեց, իսկ մերոնք մրցաշարն ավարտեցին 3-րդ տեղում:
Հայաստանի հավաքականի խաղացող, ալավերդցի Հրաչիկ Մարգարյանը 11 գնդակ խփեց մրցակցի դարպասը: 5 անգամ էլ աչքի ընկավ վանաձորցի Էրիկ Դալլաքյանը:
Չնայած պարտությանը Ուկրաինայի հավաքականի մարզիչ Ալեքսեյ Սավչենկոն դժգոհ չէր: Նա հայտնեց, որ լավ առիթ էր, որպեսզի իր սաները, միջազգային մրցաշարի մասնակցելով, թրծվեն, բարձրացնեն խաղմակարդակը:
Նա մասնավորապես ասաց. «Տարբեր երկրների երիտասարդական հավաքականների միջազգային մրցաշարը ստացվեց: Եվրոպական խաղամակարդակ էր, լավ թիմեր էին հավաքվել: Հանդբոլիստները մրցեցին, բարեկամացան: Ցանկալի է, որ կրկին Երևան այցելենք և միջազգային մրցաշարի մասնակցենք: Հայաստանի հավաքականը խոստումնալից է, այն կարող է ավելի առաջադիմել»:
Tags: հանդբոլ, սպորտ