Դեկտեմբերի 2-ից պետական բուհերում կշարունակեն իրենց ուսումն ավարտական կուրսում գտնվող բոլոր ուսանողները, նրանք ովքեր գնացել էին պրակտիկայի՝ լիարժեք, կամ ոչ այնքան գիտելիքներ ստացած վերադառնում են հարազատ համալսարանները: archive2.ankakh.com-ի հետ զրույցում Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Լուսինե Ասատրյանը նշեց, որ Հանրային ռադիոյի Կամուրջում անցկացրած պրակտիկայից գոհ է, պատրաստել է երեք ռադիոռեպորտաժ, որոնք եթեր են հեռարձակվել, իսկ համալսարանի անունը շեշտվել է.
“Պրակտիկայից հետո ակնկալում եմ ընդունվել աշխատանքի և դրա հետ մեկտեղ հաջող հանձնել պետական ավարտական քննությունները: Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ եւ չի պահանջում ուսումն ավարտելուց հետո նոր միայն աշխատել, այլ պետք է հենց ուսմանը զուգահեռ սկսես քեզ գտնել տվյալ ոլորտում”:
Ինչ վերաբերում է ուսման որակին, Լուսինեն պնդեց, որ գոհ չէ, քանի որ ավելին է ակնկալում՝ տեսական գիտելիքներից զատ կա նաև գործնականը, որի պակասը համալսարանը չի լրացնում: Եթե դու կարող ես ինքդ փնտրել` լավ է, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ կավարտես առանց հստակ պատկերացնելու, թե ինչ պետք է անես գործնականում.
“Ասեմ ավելին, կան նույնիսկ առարկաներ, որ 4 տարի գրեթե նույն բանն ենք սովորում: Նշեմ, որ մեր համալսարանն ունի մեկ առավելություն, եթե մյուս համալսարաններում, ընդունված է գործնական աշխատանքն իրականացնել 4-րդ կուրսի երկրորդ սեմեստրում, ապա մեզ մոտ այդ 3 ամիսը բաժանվում է վերջին երկու տարվա մեջ, տեսականն ու գործնականը համատեղելով”:
Ուսանողուհին շատ կուզեր, որպեսզի համալսարանում լիներ մոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված սենյակ, իսկ ուսանողին տրամադրեին անհրաժեշտ տեխնիկա հեղինակային ռեպորտաժներ պատրաստելու համար: Նա հույս ունի, որ շուտով դրանք էլ կլինեն ու կծառայեն իրենց նպատակին: Շնորհավորում է բոլոր ավարտական կուրսերում գտնվող իր համակուրսեցիներին եւ մաղթում համբերություն, պայծառ ապագան առջեւում է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: լրագրող
