Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստը

ազատ դեմոկրատներԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը սակայն կոպտորերն խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը:

Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը իրականում միտված է Հայաստանի ինքնիշխանության ու սահմանադրական իրավունքի պաշտպանությանը և կրում է խաղաղ բնույթ:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության հակաօրինական գործողությունները և կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և վերջ տալ անհամաչափ միջոցառումներին ու քաղաքական հետապնդումներին:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Tags: