Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ բերման ենթարկված ակտիվիստները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն

g_imageԱյսօր առավոտյան ընդդեմ պուտինյան այցի պաստառներ փակցնելու ժամանակ բերման են ենթարկվել մի շարք ակտիվիստներ, ինչը քննարկման առարկա դարձավ խորհրդարանում:

Հարցը նախ բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`ԱԺ նախագահին կոչ անելով գնահատական տալ կատարվածին և հարցը քննարկել խորհրդարանում:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելն ապօրինի է և հորդորեց Հովիկ Աբրահամյանին միջոցներ ձեռնարկել նրանց շուտափույթ ազատ արձակման համար:

Տեղի ունեցածը դատապարտեցին նաև պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, որը դա համարեց քաղաքացիների սահմանադրական իրավունքների զանգվածային խախտում և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Արզումանյանի խոսքով` անկախ նրանից` Հայաստանում է գտնվում Ղազախստանի արտգործնախարարը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում:

Այնուհետև ընդդիմադիր գործիչների կոչին միացավ ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը` նշելով, որ այդ «փոքր հարցը» կարող է ուռճացվել, ինչն ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից, ուստի խնդիրը պետք է կարգավորել:

Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով վերջին ելույթին, ցավով նկատեց, որ ոմանք երևույթը դիտարկում են որպես փոքր հարց:

Պատգամավորների մտահոգությանն ի պատասխան` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն էլ է դատապարտում ցանկացած անօրինություն և տեղեկացրեց, որ խորհրդարանին դիմելու դեպքում իրենք հարցը կքննարկեն:

Ավելի ուշ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ինքը զրուցել է համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ` վստահեցնելով, որ 3 ժամվա ընթացքում ակտիվիստներին ազատ կարձակեն:

 

 

Tags: ,