Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մի քանի միլիոնանոց առանձնատանը: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է` ինքը բարձրացնում է այն հարցը, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան փող` նման դղյակ կառուցելու համար: Պատգամավորը կարծում է, որ սառույցն ի վերջո տեղից շարժվում է, քանի որ Իշխան Զաքարյանը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, որտեղ սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է` նա լիազորագիր ունի ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանից` նրա բանկային հաշիվը բանկում տնօրինելու համար:
Ըստ այդ հարցազրույցի` Բոյաջյանն իր 15 տարվա ընկերն է:
Միաժամանակ մեկ այլ թերթի հարցազրույց է տվել Ալբերտ Բոյաջյանը, որը լրագրողի հարցին, թե արդյոք չի ցանկանում վերադառնալ Հայաստան, պատասխանել է, որ շատ է ուզում, սակայն որոշակի խնդիրներ ունի: Բոյաջյանը, սակայն, նշել է, որ ինքը Հայաստանում հողակտոր է գնել և առանձնատուն է կառուցում Իշխան Զաքարյանի հետ միասին:
Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատում է, որ փաստրեն Իշխան Զաքարյանը փոխանակ Ալբերտ Բոյաջյանի համար տուն կառուցելու, նրա գումարներով իր համար է տուն կառուցել. «Տխուր կլիներ, եթե այսքան ծիծաղելի չլիներ…»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորը կարծում է, որ այս հարցին պետք է արձագանքի գլխավոր դատախազությունը, որովհետև այստեղ ոչ միայն էթիկայի հանձնաժողովի քննարկման հարց կա, այլ քրեական օրենսգրքի: «Ես դեմ եմ քվեարկելու Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրին` որպես անվստահություն այդ կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ»,-ասաց նա:
Tags: Ազգային ժողով, Իշխան Զաքարյան, ՎՊ
